Հայաստանում սպասում են կտրուկ սառեցում, ջրերի հորդացում և սողանքներ

Անձրևները շարունակվելու են: Ամսի 20-ին շատ ինտենսիվ են լինելու անձրևները, իսկ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա տեղեկացրեց, որ ջերմաստիճանն իջնելու է, գիշերը կլինի նվազագույնը +3 աստիճան, բացասական ջերմաստիճան չի գրանցվի:

Նախարարը հավելեց, որ հեղեղումների առաջին ահազանգն են ստացել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. այնտեղ Արաքս գետի ջրերը բարձրանում են և կարող են դաշտերը ծածկել: Նա նշեց, որ այնտեղ աշխատանքներ է հարկավոր տանել:

«Սողանքներն ակտիվացել են, 6 տեղ ակտիվ սողանք ունենք: Այսօր Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք՝ անտառային շերտից հոսք է սպառնում դեպի ճանապարհ, որի հետևանքով մեկ գյուղի ճանապարհ կարող է փակվել: Խոսքը մոտ 600 հազար տոննա հողի մասին է, դրա մաքրելը շատ դժվար կլինի: Մեկ այլ ճանապարհ կա, որի մասին մենք պետք է մտածենք, եթե գյուղին հանկարծ բան լինի: Մենք արել ենք ինչ-որ գործեր՝ փակել ենք, զգուշացումներ ենք արել համայնքապետին, որ անասուններին այդտեղ չարածացնեն»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ո՞ր ճանապարհի մասին է խոսքը, Ցոլակյանն էլ պատասխանեց, որ միջհամայնքային ճանապարհ է:

Վարչապետը հարցրեց՝ այլընտրանքային ճանապարհ կա՞: Ցոլակյանն ասաց, որ կա, բայց մի քիչ երկար է, վիճակն էլ վատ է և հավելեց, որ մոտ 250 բնակիչ ունեցող Աթան գյուղի մասին է խոսքը:

«Եթե վատ է, պետք է բարելավել այդ այլընտրանքային ճանապարհի վիճակը»,- ասաց վարչապետը:

Ցոլակյանն էլ շարունակեց ներկայացնել խնդիրները և ասաց, որ քարաթափումները նույնպես ակտիվացել են և այդտեղ էլ խնդիրներ կան: «2013 թվականին մշակվել է սողանքների հետ կապված հայեցակարգ, որով բոլոր գերատեսչությունները, նախարարություններն ունեն իրենց հանձնարարականները՝ թե որը որ մասով պետք է զբաղվի: Իմ կարծիքով՝ այդ հայեցակարգով պետք է բոլոր նախարարները տեսնեն, թե ինչ է նախատեսված իրենց համար, որպեսզի այդ գործառույթները կատարեն»,- ասաց նա:

Ցոլակյանը նշեց, որ խնդիրը նրանում է, որ քարաթափման երևույթ է նկատվում շատ վատ տեղում, օրինակ՝ Այրումի ճանապարհին:

«Մեկ անգամ դեպք եղել է այդտեղ, զոհեր են եղել: Հիմա նույն ձևով այնտեղ քարաթափում է սպասվում: Ես դիմել եմ, որպեսզի անեն այդ գործը: Կան պայթեցնող կազմակերպություններ, բայց դրանք շատ չեն, որպեսզի գան այդ պայթեցումն իրականացնեն, մենք էլ կանգենք կողքը, որ անվտանգ լինի: Պետք է Տրանսպորտի նախարարությունը գումար տա, որ դա արվի: Դրա համար պետք է անցկացվի մրցույթ, իսկ դա ժամանակի խնդիր է. մենք այդ ժամանակը չունենք, հրատապ գործեր են լինում»,- մանրամասնեց նախարարը և առաջարկեց, որ այդ հարցը քննարկվի տրանսպորտի, տարածքային կառավարման նախարարության հետ, իսկ մարզպետարաններն էլ ունենան որոշակի գումար, որ օգտագործեն այդ նպատակներով, հետո էլ հաշվետվություն տան:

«Պետք չէ կանխակալ լինել և ասել՝ այս մարդիկ այդ գումարները ուրիշ տեղ կծախսեն, և եթե կծախսեն էլ, դրա համար պատժել է պետք: Բայց պետք է նախօրոք ունենան այդ գումարն այդ հարցերը կարգավորելու համար»,- շեշտեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսը՝ մեխանիզմների հետագա կատարելագործման խնդիրը:

«Պարոն Ավինյան, օպերատիվ մասը արագ կհավաքեք, կորոշեք էս տրված տեղեկությունների հետ կապված՝ որտեղ ինչ պետք է արվի, որպեսզի մենք ճգնաժամային իրավիճակներ չունենանք: Պետք է գնալ կանխարգելելու եղանակով»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ այս բոլոր հարցրերը պետք է հաշվի առնել:

Ցոլակյանը հավելեց. «Ուրախացողների համար ասեմ՝ իրենց աչքը լույս, երեկ առաջին կարկուտն է եղել, բայց կարկուտ էլի է սպասվում»:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ապահովագրական մեխանիզմները սկսե՞լ են գործել, թե՞ ոչ:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ ապահովագրական բյուրոն ստեղծվել է, գումարը մասնավոր ապահովագրականները փոխանցել են և հիմա գումարի հետ կապված խնդիր չկա:

«Միակ հարցն այն է, որ մասնավոր ապահովագրականներն իրենց IT ներքին սպասարկումն են անում: Փոխանցել են, որ մեկ-երկու ամսում ամբողջ համակարգը կլուծվի: Կարկուտի հետ կապված՝ երեկ մենք նայել ենք, խումբ ենք ձևավորում մարզպետարանի մեր գործընկերների հետ, որ գնահատումը միանշանակ լինի: Լավն այն է, որ կարկուտը սարսափելի չի եղել և լուրջ վնասներ չկան»:

Վարչապետն էլ հարցրեց, թե արդյո՞ք ցրտահարության վտանգը հաղթահարվել է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ ըստ օդերևութաբանների՝ 99 տոկոսով ցրտահարություն չի լինի:

Վարչապետը եզրափակեց՝ հանձնարարելով. «Կբացահայտեք, թե ինչ խնդիրներ ու անելիքներ կան՝ մեխանիզմների հետ կապված, որպեսզի լուծվի այդ հարցը», տեղեկացնում է newsarmenia.am:

Основная тема:
Теги: