Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստը մեկնարկեց մերժումով, տեղեկացնում է armeniasputnik.am։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` իր ինքնաբացարկի վերաբերյալ։ «Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,– հայտարարեց Գրիգորյանը։

Ամբաստանյալներից դատարանում ներկա է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանն այսօր պետք է քննարկի նրա` կալանքի տակ մնալու հարցը` կապված գործի նախաքննության ավարտի ու դատավարության փուլ մտնելու հետ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատավարությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։

Դատական նիստը ընդհատվեց, քանի որ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Նշենք, որ դատարանի բակում ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները։ Նիստն ուղեկցվում էր դատարանի բակում բողոքի միաժամանակյա երկու ակցիաներով` ի պաշտպանություն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Ոստիկանությունը փորձում է կանխել ակցիաների մասնակիցների միջև հնարավոր բախումներն ու միջադեպերը։

Основная тема:
Теги: