Իսկ հիմա բացե՛ք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։

Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել էին արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը։ Ժամը 12։00–ին վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։

«Դիմում եմ բոլոր հայրենակիցներին, ովքեր արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը։ Խնդրում եմ ուղիղ ժամը 13։30–ին վերացնել բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը։ Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, անկախ դատական համակարգի ձևավորման գործընթացը մեկնարկել է», – նշել է ՀՀ վարչապետը, տեղեկացնում է Newsarmenia.am։