Համակարգը կայուն է, վերականգնվում է էլեկտրամատակարարումը

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ 

Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետևանքով Երևանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:

Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»: