Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Արցախում է
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այսօր առավոտյան ժամանել է Արցախ: Կոնգրեսականը կհանդիպի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրերն ու ուսումնասիրելու ժողովրդավարության ամրապնդման գործում ԱՄՆ-ի օգնության նոր միջոցները:
Փալոնեին դիմավորել է Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ: Նրան ուղեկցել են ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կոնգրեսի աշխատակից Ջեյմս Ջոնսոնն ու ՀՀ կառավարության աշխատակիցներ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Ֆրենկ Փալոնեն և Ադամ Շիֆն ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու պետքարտուղարությանն ուղղված իրենց նամակում պահանջել են անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
«Մեզ խորապես անհանգստացնում է Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության անհավասարությունը»,- նշվում է կոնգրեսականների նամակում, տեղեկացնում է NEWS.am-ը: