ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԼՈՒՅՍԸ

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վերջին 2-3 շաբաթներին կայունացել է, հինգշաբթի օրը կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում Է Sputnik Armenia-ն:

Թորոսյանը տեղեկացրել է, որ վիրուսի տարածման տեմպերի թուլացման միտումը կանգ է առել: «Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը` դժվար է լինելու օրական 250-ից ցածր դեպքեր չունենալը»,- նշել է նախարարը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դրանից մեկ օր առաջ ՝ երկու տարվա ընթացքում իր առաջին ասուլիսի ժամանակ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու չսպասեց, ինչպես որ խոստացել էր, արտակարգ դրության ավարտին, որպեսզի հանդիպի լրագրողների հետ, կասկածի տակ առավ այն, թե արտակարգ ռեժիմի այս հերթական երկարաձգումը վերջինն է լինելու: Ի՜նչ ճիշտ գուշակեց Սերժ Սարգսյանը։ Այժմ ակնհայտ է, որ մենք բոլորս կարող ենք այդպես էլ սպասելով մնալ արտակարգ դրության ավարտին

Հինգշաբթի օրը Արսեն Թորոսյանի ասածը, ըստ էության, իսպառ փլուզում է արտակարգ դրության մշտական երկարաձգման պրակտիկայից կառավարության հրաժարվելու առնչությամբ մեր հույսերը։ Բանն այն է, որ վերջերս պարետ - փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի այն ժամանակ, երբ երկրում մի քանի շաբաթ շարունակ չարձանագրվեն կորոնավիրուսի նոր դեպքեր։ Իսկ դա, դատելով Թորոսյանի խոսքերից, ֆանտաստիկայի ոլորտից է։ Եթե կանխատեսվում է առավել հավանական սցենարը (օրական 250 դեպք), ապա երկարաժամկետ ամենօրյա զրոյական ցուցանիշի մասին երազել անգամ չարժե: Համապատասխանաբար, տեսանելի հեռանկարում արտակարգ դրության չեղարկում մեզ չի ժպտում։ Դե, թերևս թույլ հույս կարելի է կապել արտակարգ ռեժիմի գործողության անհրաժեշտությունը նախորոշող չափանիշների ընտրության նկատմամբ իշխանության մոտեցումների անհետևողականության, անսկզբունքայնության և կոնյունկտուրայնության հետ։ Դեռևս գարնանը խոսվում էր այն մասին, թե արտակարգ դրության ռեժիմից կարելի է հրաժարվել այն ժամանակ, երբ ապաքինված քաղաքացիների օրական քանակը գերազանցի վարակվածների թվին։ Հուլիսի կեսերին կորոնավիրուսային իրավիճակն արդեն հասավ նման հարաբերակցության, բայց իշխանությունները, մոռանալով իրենց հայտարարության մասին, որոշել են շրջանառության մեջ դնել նոր չափորոշիչ. զրո դեպք՝ մի քանի շաբաթ շարունակ։ Կրկնում եմ. բնութագրիչ, որն այսօր պարզապես անհավատալի է թվում։ Մանավանդ եթե հաշվի առնենք Թորոսյանի կանխատեսումները։

Երկրի կյանքը մշտապես գործող արտակարգ դրության պայմաններում, բնականաբար, լրացուցիչ վերահսկողության և ճնշման մեխանիզմների մի ամբողջ փունջ է տալիս իշխանությանը գրեթե բոլոր ոլորտներում. հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական։ Եվ, իհարկե, այդ գործիքակազմից իշխանությունը չի հրաժարվի։ Այլ հարց է, որ արտակարգ դրության անվերջ երկարաձգումն իր գինն ունի։ Դա արտահայտվում է բնակչության եկամուտների կտրուկ ու զգալի անկումով, աշխատատեղերի փակմամբ, տնտեսական ահռելի կորուստներով, երկրում մակրոտնտեսական ցուցանիշների և գործարար կլիմայի վատթարացմամբ: Ցանկն այս հսկայական է։ Ամեն օր արտակարգ դրությունը վնաս է հասցնում երկրին ամենատարբեր ոլորտներում։

Մինչդեռ, դատելով ամենից, կառավարությունը չի էլ պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը։ Չէ՞ որ, ըստ Ավինյանի, սպասում ենք ամենօրյա վարակվածության զրոյական ցուցանիշների, այնինչ, ըստ Թորոսյանի, կարող ենք ակնկալել լոկ 250 դեպք։ Այնպես որ թունելի վերջում լույս հաստատ չի երևում: Այս կառավարությունը մշտապես մարում է դա (լույսը)…

Основная тема:
Теги: