Իրանն անընդունելի է համարում իր տարածքի գնդակոծումը
Թեհրանն անընդունելի է համարում ցանկացած հարձակում իր տարածքի ուղղությամբ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում հակամարտության կողմերի կողմից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
«Մենք հայտարարում ենք, որ հակամարտության կողմերի ցանկացած տեսակի հարձակում մեր տարածքի ուղղությամբ անընդունելի է, և մենք լուրջ նախազգուշացում ենք անում, որպեսզի բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս կապակցությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խաթիբզադեն հավելել է, որ «պետք է դադարեցնել բախումները և իրական երկխոսություն սկսել: Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել` այդ նպատակներին հասնելու համար»:
Հինգշաբթի իրանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներից մեկի կողմից արձակված մի քանի արկ սխալմամբ հարվածել է Արևելյան Ադրբեջան նահանգի իրանական գյուղին: Արդյունքում վնասվել էր մի քանի տուն, վիրավորվել էր գյուղում բնակվող երեխան, տեղեկացնում է News.am-ը: