Последние новости

«1915 թվականի կանայք» ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում

«1915 թվականի կանայք» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Armenian Weekly-ն՝ վկայակոչելով «Արմենոիդ Փրոդաքշնս» ընկերության մամուլի հաղորդագրությունը։

«Մենք որոշել ենք Amazon Video-ում հեռարձակել «1915 թվականի կանայք» ֆիլմը և ցուցադրել այն կանանց միջազգային օրը։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանանց պայքարի և տառապանքների, ինչպես նաև այն եվրոպացիների ու ամերիկուհիների մասին, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերել հայ կանանց», - պարբերականը մեջբերում է ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանի խոսքը:

Ռեժիսորը հուսով է, որ ֆիլմը կլինի հույսի մի փարոս այն կանանց համար, ովքեր այսօր անցնում պատերազմի և ոչնչացման ճանապարհը։

«Ֆիլմում ներկայացված կանանցից մեկը ՝ Վիկտորիա Արթինիան, վերապրել է Հայոց ցեղասպանությունը և գաղթել Միացյալ Նահանգներ։ Նա կարողացել է հաղթահարել այդ անհավատալի դաժան իրադարձությունները, հասել ԱՄՆ և իրականացրել ամերիկյան երազանքը։ Անհավատալի է, բայց նա նաև օգնել ու մեծացրել է իր դստեր խորթ որդուն, ով սկսած 20 տարեկանից բառացիորեն փոխել է այս աշխարհը. Վիկտորիա Արթինիան Սթիվ Ջոբսի (Apple ընկերության հիմնադիր) խորթ տատիկն էր։

«1915 թվականի կանայք» ֆիլմում պատմվում է նաև Ճապոնիայում Հայաստանի դեսպան Դիանա Աբգարի և միսիոներներ Մերի Լուիզ Գրաֆամի և Մարիա Յակոբսենի մասին: Նրանք բոլորը իրենց կյանքը նվիրեցին ցեղասպանությունը վերապրածների փրկությանը։

Վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի ավելի քան 40 քաղաքներում, պաշտոնապես ընտրվել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնում և արժանացել է միջազգային Independent Film Awards-ի, Aphrodite Film Awards-ի, Docs Without Borders Film Festival-ի և Pomegranate Film Festival-ի լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին: Բացի այդ, ռեժիսոր Բարեդ Մարոնյանն ARPA կինոփառատոնում արժանացել է Արմին Թ.Վեգների անվան մարդասիրական մրցանակին:

Մինչև «1915 թվականի կանայք» ֆիլմը, Մարոնյանը աշխատել է «Ցեղասպանության որբերը» հայտնի վավերագրական ֆիլմի վրա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության հետևանքով առանց ծնողների մնացած հայ որբերի ծանր վիճակի մասին: Այդ ֆիլմը հեռարձակվել է ԱՄՆ-ի բազմաթիվ հեռուստաալիքներով, ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոներում և արժանացել բազմաթիվ մրցանակների, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ