Последние новости

ՀՀ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի քայլերը

Հայաստանը կոչ է անում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Ինչպես հայտնում է Վատիկանում Հայաստանի դեսպանությունը, տեղական լրատվամիջոցներում նման հայտարարությամբ է հանդես եկել Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

«Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է։ Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների»,–ասել է Նազարյանը։

Նրա խոսքով` սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։

Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։

Նազարյանն իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ կարևորվում է միջազգային գործընկերների, այդ թվում` Սուրբ աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ