Последние новости

Մարտի 22-ին ՍԴ-ն քննելու է «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրականության հարցը

Մարտի 22-ին Սահմանադրական դատարանը քննելու է «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրակության հարցը: Դիմումը ներկայացրել է մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանը, սակայն ՍԴ-ում հայցը հիմնավորելու է արդեն նոր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: Հատկանշական է, որ նույն Քրիստիե Գրիգորյանն է որպես արդարադատության փոխնախարար ԱԺ-ում ներկայացրել և հիմնավորել, որ պետք է քրեականացնել «ծանր վիրավորանքը»:

«Ըստ մեր օրենսդրության, կառավարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Եվ կառավարության տեսակետը ներկայացրել եմ ես, որպես հարակից զեկուցող», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանը հիմա փորձում է բացատրել, որ ոչ թե ինքը, այլ կառավարությունն է դրական եզրակացություն տվել նախագծին, իսկ ինքը ընդամենը ներկայացրել է այդ եզրակացությունը։

Գրիգորյանը չի պատրաստվում իր նախորդի՝ Արման Թաթոյանի կողմից բարձր դատարան ներկայացված որևէ դիմում հետ վերցնել։

Դեռ նախորդ գումարման խորհրդարանում Գրիգորյանը նախ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ապա լիագումար նիստի ընթացքում ելույթով, հետո հարցուպատասխանի միջոցով փորձում էր պատգամավորներին համոզել, որ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է։ Հիմա ինչպե՞ս է Սահմանադրական դատարանում պնդելու նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիմումը, որը ամբողջությամբ հակառակի մասին է, և չկա՞ այստեղ արդյոք շահերի ակնհայտ բախում։

Այս հարցերը մեկնաբանելը նախկին օմբուդսմենը ոչ կոռեկտ է համարում։ Միայն շեշտում է իր դիմումը պատշաճ ներկայացնելու կարևորությունը. «Իրական քրեական քաղաքականության հետ ընդհանրապես առնչություն չունեցող, քաղաքական լուծումներով պայմանավորված հոդված էր։ Այդ օրենսդրական նախագծի [քննարկման] ժամանակ սկզբունքային առարկություններ եմ ես ներկայացրել և նշել եմ, որ դա պայքարի ձև չի։ Չի կարելի ընտրությունների ժամանակ, դրանից մի քանի ամիս առաջ ատելությունն ու թշնամանքը բարձրացրել ամենաբարձր պիկի և միանգամից սկսել Քրեական օրենսգրքով պայքարել։ Այդ հարցը լուծվում է բոլորովին այլ կերպ, հետևողական աշխատանքով, հանդուրժողականությամբ, առաջնահերթ՝ բարձրաստիճան պաշտոնյաների օրինակով։ Այդ հոդվածը դարձել է այսօր արդեն պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին քաղաքացիներից պաշտպանող հոդված։ Անթույլատրելի է»։

Սահմանադրական դատարանը մերժել էր մինչև բուն քննության անցնելը հոդվածի կիրառումը կասեցնելու Թաթոյանի առաջարկը։ Այս ընթացքում արդեն «ծանր վիրավորանքի» հոդվածով երկու տասնյակի հասնող քրեական գործեր են գնացել դատարան, և գրեթե բոլորն առնչվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ