Последние новости

Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ՄԻՇԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ՉԿԱ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մի քանի դիտարկում Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ

«Ենթավերնագրերի բաժանելով հայտարարությունը` եվրոպական կողմը հստակ սահմանում է քննարկվող օրակարգն ու ցույց տալիս իր ակտիվ միջնորդությամբ հստակ պայմանավորվածությունների առկայությունը: Ավելին, ի տարբերություն նախորդ երկու հայտարարությունների, ՌԴ միջնորդությամբ որևէ հանդիպում ու պայմանավորվածություն չի հիշատակվում` անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Նշվում են միայն ԵՄ միջնորդությամբ նախորդ երկու հանդիպումները:

ԵՄ ներկայացուցիչը քննարկել է «ԵՄ հարաբերությունները երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի հետ»: Այստեղ և´ Թուրքիան է, և´ Իրանը, և´ ռուսական շահերը: ԵՄ-ն անկեղծացել է, նախորդ երկու հայտարարություններում լայն տարածաշրջանը չէր հիշատակվում:

Ուշագրավ է, որ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ հանձնաժողովի նիստը կայանալու է միջպետական սահմանին, ոչ թե երրորդ երկրում: Այսինքն` միջնորդի հարցում հակասություններն ու սրությունը հաղթահարված չեն:

ԵՄ հայտարարության մեջ արդեն բաց տեքստով հիշատակվում ու առանձնացվում է Նախիջևանը Ադրբեջանին կապող «տրանզիտի» հարցը և ասվում է, որ ղեկավարները համաձայնության են եկել սկզբունքների շուրջ: Կարծես թե Ադրբեջանն ու Թուրքիան միջանցքի պահանջներից հետ չեն կանգնել հրապարակայնորեն, ի՞նչ սկզբունքների է համաձայնվել Փաշինյանը:

Խաղաղության պայմանագրի մասում ընդգծվում է, որ այն պետք է կարգավորի Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունները: Չլուծված հակամարտությունն ընդհանրապես չի հիշատակվում, փոխարենը Փաշինյանի «իջեցրած նշաձողն» է ամրագրվում` Շառլ Միշելը ընդգծում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ իրավունքների ու անվտանգության հարցերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Ոչ մի խոսք չկա ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ թե կողմերն են քննարկել Արցախին առնչվող որևէ հարց, այլ Շառլ Միշելն է կոչ արել: Բառակազմն էլ փոխվել է` արդեն նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ ուղղակի Ղարաբաղ:

Լրիվ անհասկանալի է հաղորդակցությունների հարցում պայմանավորվածություններն ինչ են իրենցից ներկայացնում:

Անհասկանալի է, թե ինչ սկզբունքներ, ինչ քարտեզներ են դրվել դելիմիտացիայի գործընթացի հիմքում և, ի վերջո, անկլավների հարցին ինչ անդրադարձ է կատարվել:

 Ակնհայտ է բոլոր ուղղություններով առաջընթաց ցույց տալու շտապողականությունն ու բոլոր գործընթացներն իր հովանու ներքո հավաքելու ԵՄ ձգտումը:

Նույնիսկ հումանիտար հարցում, եթե նախորդ երկու հայտարարություններում առաջին հերթին խոսվում էր գերիների վերադարձի մասին, այժմ հպանցիկ է հիշատակվում և առաջին հերթին նշվում է Ադրբեջանի պահանջ ականազերծումը, հետո միայն գերիների ու անհետ կորածների հարցերը»:

168.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ