Последние новости

Ռուսաստանի հայերի միություն․ Տեր-Խաչատրյանին ծեծելով սպանողներից 3-ը կալանավորվել են

Ռուսաստանի հայերի միությունը նամակներ է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն և նախագահի աշխատակազմ ՝ խնդրելով վերահսկել Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում տեղի ունեցած դեպքերը։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը` անդրադառնալով զանգվածային ծեծկռտուքին, որի հետևանքով մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը։

Հայտնել էինք, որ գյուղի բնակիչներն ու հանրակացարանում ապրող միգրանտները հուլիսի 11-ին վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով: Աղջկան պաշտպանել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որին դաժան ծեծի են ենթարկել: Տղամարդը, ցավոք, մահացել է։

ՌԴ հայերի միությունը տեղեկացնում է, որ Միջին Ասիայից եկած ներգաղթածները նեղացրել են մի աղջկա, որին պաշտպանել է Կարեն Տեր-Խաչատրյանի 16-ամյա որդին։ Դեպքին միջամտել է նաև Տեր-Խաչատրյանը, որին մի խումբ ներգաղթյալներ սկսել են դաժան ծեծի ենթարկել։

«Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը ՌՀՄ նախագահի հանձնարարությամբ անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել իրավապահների, տեղի վարչակազմի, հայ համայնքի և սպանվածի ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանրությանն ու լրատվամիջոցներին հորդորում ենք չսրել այս ողբերգական իրադարձության շուրջ ստեղծված իրավիճակը»,–ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում։

Նշվում է նաև, որ այս պահին Տեր-Խաչատրյանի դեմ կռվի և հարձակման մասնակիցները ձերբակալված են, նրանցից 3-ին կալանավորել են։ ՌՀՄ–ն հույս է հայտնում, որ մեղավորները իրենց պատիժը կկրեն օրենքի ողջ խստությամբ:

Ռուսաստանի հայերի միությունը ցավակցում է սպանվածի հարազատներին և նրա ընտանիքին աջակցելու պատրաստակամություն հայտնում:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ