Последние новости

Դավիթ Բաբայան․ Մենք ուզում ենք, որ ռուս խաղաղապահներն անժամկետ մնան Արցախում

«Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն հարվածում է Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին, որովհետև հենց Ուկրաինայում իրավիճակը լարվում է, Ադրբեջանն այստեղ սկսում է ակտիվանալ և ուժեղացնում է իր ապատեղեկատվական քարոզչությունն ու աշխարհաքաղաքական շանտաժները: Ադրբեջանն ու Թուրքիան ուշի ուշով հետևում են և ուզում են, որ Ուկրաինայում Ռուսաստանը պարտվի, նրանք ուզում են տեսնել Ռուսաստանի մասնատումը: Մենք տեսնում ենք, թե ռուս խաղաղապահների դեմ ինչ քարոզչություն է իրականացվում Ադրբեջանում, այսինքն՝ մենք տեսնում ենք ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչը փաստացի կրակոց էր ինչպես Արցախի խաղաղ բնակչի, այնպես էլ ռուս խաղաղապահների ուղղությամբ, այլ նաև ռմբակոծություններ տեղեկատվական դաշտում:

Ադրբեջանը մշտապես դիմել է և շարունակելու է դիմել սադրանքների, որովհետև չեն փոխվել Ադրբեջանի մոտեցումներն ու նպատակները, հավակնությունները:

Ադրբեջանական կողմի նման քայլերի պատճառը շատ ակնհայտ է՝ ատելություն Արցախի հայերի և Ռուսաստանի նկատմամբ, բայց այդ քայլերն իրականացնելու համար առիթներ են պետք, և այս ժամանակահատվածում Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական իրավիճակով, որովհետև նրանց համար հիմա շատ հարմար պահ է, որպեսզի հարձակվի և իրականացնի իր նպատակները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների և հասկանանք, որ իրավիճակը չի կարող նույնը մնալ:

«Մենք պետք է պարզապես այս ծանր պահը հաղթահարենք և դուրս գանք այս իրավիճակից: Չպետք է հուսահատվել, վհատվել, պետք է հասկանանք, որ մեր բոլորի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, և այդ առաքելությանը լծված՝ պիտի հաղթահարենք այս դժվարությունները, մենք ուրիշ ելք, ուրիշ ճանապարհ չունենք»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Նախարարը, անդրադառնալով ռուս խաղաղապահների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, նշեց.

«Մենք ուզում ենք, որ ռուս խաղաղապահներն անժամկետ մնան Արցախում, որովհետև նրանց մնալը միայն երաշխիքն է խաղաղության և կայունության: Իհարկե Պաշտպանության բանակը աչալուրջ է, խաղաղապահներն էլ իրականացնում են իրենց գործառույթները, ինչպես որ պետք է:

Մնալ և պաշտպանել մեր հողը. սա է մեր ընդհանուր տրամադրվածությունը, որը երևաց հոկտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ»,- ընդգծեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ