Последние новости

Ջերմուկում ընթանում է Հայկական ուռուցքաբանական ամենամյա 4-րդ կոնգրեսը

Ջերմուկում մեկնարկել է ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: 2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Իր ողջույնի խոսքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ասաց. «Վերջին 4 տարում գումարային վերցրած Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացությունը նվազել է 6,4 տոկոսով: Նման հաջողության հասել ենք երեք կարևոր օղակների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Դրանցից առաջինն ուռուցքաբաններն են, որոնք աշխարհի լավագույն կլինիկաներում վերապատրաստվելով հասել են այս արդյունքներին: Նման ցուցանիշների հասնելու գործում կարևոր դեր է ունեցել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, երբ 2019-ից պետպատվերի շրջանակներում սկսեց կատարվել հաստատում ունեցող չարորակ ուռուցքների վիրահատությունը, ճառագայթային բուժումը, իսկ դեղորայքային բուժումը սկսեց կատարվել համավճարի սկզբունքով: Պացիենտներն իմանալով, որ բուժումը գրեթե անվճար է, սկսեցին կարիքի դեպքում ավելի հաճախ դիմել ուռուցքաբաններին: Սա բերեց վիրահատությունների, ճառագայթային բուժման կուրսերի կտրուկ ավելացման:

Հաջորդ օղակը, որ բերել է այս արդյունքներին, դա մեծ բուժհաստատությունների կողմից ուռուցքաբանությանն ավելի շատ ուշադրություն դարձնելն է»:

Նա հավելեց, որ Ջերմուկն ընտրվել է որպես կոնգրեսի անցկացման վայր, քանի որ սրանով ցանկացել են ասել՝ մենք մուր կանգնած ենք մեր հողի վրա, մենք չենք գնում, մենք այստեղ ենք և կլինենք մեր սիրելի Ջերմուկում:

Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:

Ներկա կլինեն ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Ավանդույթի համաձայն` 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ