Последние новости

Կուլեբա․ Խոսելով զորք ուղարկելու մասին՝ Մակրոնը նկատի ուներ միայն ուսուցանող հրահանգիչներին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան միջազգային ԶԼՄ-ների հարցազրույցում հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հնարավոր էր համարել Ուկրաինա զորքեր ուղարկելը, խոսել է ուկրաինացի զինվորներին արևմտյան մասնագետների պատրաստելու մասին։ Կուլեբայի խոսքերը մեջբերել է La Stampa իտալական թերթը։

«Երբ Մակրոնը խոսեց Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին։ Մակրոնն ընդամենը նկատի ուներ, որ կա ուկրաինացի զինվորներին սովորեցնելու հնարավորություն անմիջապես Ուկրաինայում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի է ունենում այժմ»,- ասել է Կուլեբան։

Նա ավելացրել է, որ Կիևը երբեք չի խնդրել Արևմուտքին զորքեր ուղարկել Ուկրաինա։ Ուկրաինական բանակին անհրաժեշտ են ՀՕՊ միջոցներ, զինամթերքներ, անօդաչուներ, հեռահար հթրիռներ, որպեսզի «ոչնչացնեն ռուսական լոգիստիկան և հրամանատարությունն օկուպացված տարածքներում», ինչպես նաև հարվածներ հասցնեն ռուսական տարածքին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում փետրվարի վերջին Ուկրաինայի դաշնակիցների հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ չի բացառում զորքերի ուղարկումն Ուկրաինա, բայց եվրոպական երկրներում այս հարցում կոնսենսուս չկա։ Արևմտյան երկրները, այդ թվում Գերմանիան և ԱՄՆ-ն, ինչպես նաև ՆԱՏՕ-ն, ի պատասխան հայտնել են, որ չեն դիտարկում նման հնարավորությունը։

Կրեմլում հայտնել են, որ արևմտյան զորքերի ուղարկումն Ուկրաինա կհանգեցնի ուղիղ հակամարտության ՆԱՏՕ-ի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է «հնարավոր ինտերվենտներին» «ողբերգական հետևանքների» մասին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ