Последние новости

Մինասյան․ 900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում

Հայաստանում շուրջ 900 անձ չի հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, որովհետև դատարանն արդեն կարողանում է տնային կալանք կիրառել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանը կարողանում է տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Արդարադատության նախարարությունը լեհական կազմակերպությունից մոտ 800 համապատասխան սարքավորում է ձեռք բերել` ոտքին ամրացվող հատուկ սարքեր։

«Այսօր ունենք պրոբացիայի մոտ 900 շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետև բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի տնային կալանք կամ վարչական վերահսկողություն կիրառել։ Առաջին մի քանի ամսում տեխնիկական խնդիրներ են եղել` կեղծ ահազանգեր էին ստացվում կամ դեպքեր էին լինում, որ մեզ մոտ ահազանգերը չէին արտացոլվում։ Վերջին եռամսյակում արձանագրում ենք, որ սիստեմը շատ լավ աշխատում է»,– նշեց Մինասյանը։

Նախարարն ընդգծեց` բարեփոխումները վերաբերելու են նաև քրեակատարողական հիմնարկներին: Թեև տեխնիկական արդիականացման և պահման պայմանների բարելավման գործընթացն արդեն սկսվել է, բայց նախարարը կարևոր համարեց նաև կադրային խնդիրը: Այս համատեքստում նա կարևորեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորումն ու աշխատավարձերի բարձրացումը:

Մինասյանը նկատեց նաև, որ նախկինում դատական գործերը ձգձգվում էին, քանի որ դատարանները ծանրաբեռնված էին: Այժմ աշխատավարձերի բարձրացման շնորհիվ նրանց թիվն ավելացել է, իսկ վարչական գործերի մի մասն անցել է նոտարների իրավասության տակ։

Նշենք, որ 2024 թվականին արդարադատության նախարարությունը 778 մլն դրամ է խնդրել պրոբացիայի ծառայության բարելավման համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում տնային կալանք կիրառելուց հետո պայմանները սահմանում է դատարանը` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ և մեղադրանքի ծանրությունը։ Սահմանափակումները կարող են վերաբերվել գործի հետ առնչվող անձանց հետ շփումներին և տանը հյուրեր ընդունելուն։ Տնային կալանքի դեպքում չկան կոնկրետ նշված օրեր ու ժամեր մեղադրյալի տուն այցելելու համար, դա կարող է լինել նույնիսկ օրական մի քանի անգամ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ