Логотип

Ծառուկյանի փեսայի նկատմամբ նոր մեղադրանք կա. նա քանդել է իր տան պատուհանները, սալիկները

ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«Այս տարվա մայիսի 12–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված շուրջ 91%–ի մասի նկատմամբ»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ դատախազության` Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը:

«Մասնավորապես, կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»,– նշել են դատախազությունից:

Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե ոչ։

Sputnik Արմենիա