ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴ ԵՐԿՈՒՍԸ ԴԵՌԵՎՍ ՆՍՏԱԾ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Նոյեմբերի 23-ին տեղեկատվություն ստացվեց, որ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատունը հաստատեց այդ փաստը: Մամուլի տվյալներով ՝ հոգևորականին կանչել են իր ֆեյսբուքյան գրառման պատճառով, որտեղ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»։ Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ գերատեսչությունում փորձել են սպառնալիքներով ստիպել արքեպիսկոպոսին լռել։

Ցուցանշական է, որ ԱԱԾ մամուլի ծառայությունը չհաստատեց հրավերի մասին տեղեկությունը. ամենայն հավանականությամբ, մեր անվտանգության քաջարի պահապանները գիտակցում են նման քայլի անհեթեթությունն ու ամոթալիությունը։ Սակայն տեղեկությունների հավաստիությունը կասկածից վեր է։ Եվ ոչ միայն Դիվանատան կողմից հաստատված լինելու, այլև այն պատճառով, որ ԱԱԾ-ն վաղուց արդեն զբաղվում է ոչ թե հայոց պետության ազգային անվտանգությամբ, այլ սպասարկում բացառապես իշխանական վերնախավի շահերը։ Ընդ որում՝ անում դա ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության շահերի։

Հակառակ դեպքում նրանք ԱԱԾ կհրավիրեին ոչ թե արքեպիսկոպոս Խաչատրյանին, այլ մարդկանց, ովքեր այս օրերին հրապարակավ հայտարարել են պետության ղեկավարի դավաճանության մասին։ Պարզելու համար, թե կան արդյոք ասվածի ապացույցներ։ Իսկ գլխավորը՝ խոսակցության արդյունքներով կհրավիրեին հենց «հերոսին» և այլևս բաց չէին թողնի։ Կամ էլ բաց չէին թողնի նրանց, ովքեր նորմալ մարդու գլխում չտեղավորվող բաներ են ասում պետության ղեկավարի մասին։

Մովսես Հակոբյանը՝ գլխավոր շտաբի նախկին պետը, երկրի ամենաիրազեկ զինվորական պաշտոնյաներից մեկը պնդում է, որ բանակի համալրումը դադարեցվել է պատերազմի երրորդ օրը, և առաջնագիծ սկսել են ուղարկել կամավորներին։ Դա ճի՞շտ է։ Եթե այո, ապա ինչո՞ւ չեք պարզում պատճառները։ Եթե ոչ, ինչո՞ւ չեք հերքում։

Հակոբյանը նաև հայտարարում է, որ բանակի հրամանատարական կետում ներկա է եղել ոչ պաշտոնատար անձ՝ ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը: Դա ճիշտ է, թե՞ ոչ. եթե այո, ապա ի՞նչ էր անում այնտեղ։ Եթե սուտ է, ապա ինչո՞ւ պատասխանատվության չեք ենթարկում Մովսես Հակոբյանին՝ կանխահայտ սուտ տեղեկություններ տարածելու համար: Չէ՞ որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նրա ասած ամենը չի համապատասխանում իրականությանը. տե՛ս, է, ամենը՝ առանց բացառության։

Գեներալը պնդում է, որ 2018 թվականին վերանայվել է սպառազինությունների գնման ծրագիրը և ձեռք են բերվել անօգուտ Սու-30ՍՄ ինքնաթիռներ: Ինչու անօգուտ. որովհետև դրանց արկերը՝ «օդ– օդ» դասի հրթիռները Ռուսաստանը չի վաճառում:

Պարոնայք ԱԱԾ-ականներ (ՀՔԾ-ականներ, դատախազության պաշտոնյաներ), դա ճի՞շտ է։ Ճի՞շտ է, որ այդ անօգուտ ինքնաթիռների վրա, որոնց ղեկին, հիշո՞ւմ եք, իրեն ուրախ ցուցադրում ու գովազդում էր վառոդի հոտ երբևէ չառած «գերագույն գլխավոր հրամանատարը», ծախսվել է 130 մլն դոլար: Եթե ճիշտ է, ապա ինչո՞ւ պատասխանատվության չեք ենթարկում նրանց, ովքեր արել են դա։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ գեներալ Հակոբյանին մեղադրանք չի ներկայացվել կարևոր նշանակության կեղծ տեղեկատվության համար։

Մովսես Հակոբյանը պնդում է նաև, որ «հեղափոխությունից» հետո արձակված 0038 հրամանի համաձայն՝ կրկնապատկվել են Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի չինովնիկակական կառույցները, բայց փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը, ըստ էության՝ զորքերի թվաքանակը, այդ թվում նաև՝ պաշտպանական շրջաններում։ Դա ճի՞շտ է, պարոնայք ԱԱԾ-ականներ (ՀՔԾ-ականներ, Գլխավոր դատախազության պաշտոնյաներ), թե՞ ոչ։ Եթե ճիշտ է, ապա... չեմ կրկնի, առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է։ Կան նաև Հակոբյանի բացահայտումներից բխող և ներկա պատերազմի ընթացքի հետ անմիջականորեն կապված այլ հարցեր։ Դրանց պատասխանները նույնպես չկան, և ոչ ոք չի տալիս այդ հարցերը։ Ոչ ոք, այդ թվում՝ ԱԱԾ-ն։

Մամուլի ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին քրեական գործի հարուցման մասին՝ անզգուշության արդյունքում ծանր հետևանքների հանգեցրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով: Ընդ որում անհասկանալի է, թե քրեական գործը հարուցվել է Հակոբյանի դեմ, թե՞ նրանց, ովքեր, հավանաբար, թույլ են տվել այդ չարաշահումները: Անկեղծ ասած, կասկած չունենք, որ գործը կկոծկեն։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին Փաշինյանն ու ընկերախումբն են։

Նոյեմբերի 20-ի հանրահավաքի ժամանակ սարսափելի բաներ պատմեց Արթուր Վանեցյանը։ Օրինակ՝ այն մասին, որ 2019 թվականի ամռանը Իջևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ իրեն՝ այն ժամանակ ԱԱԾ ղեկավարին, զանգահարել է տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը և ասել, որ վարչապետը հանձնարարել է մեկնել Իջևան՝ «Ալֆա» ջոկատի հետ միասին, ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդիկ դուրս են եկել բողոքի, ընկավ հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին։ Մենք ասել ենք՝ ոչ, չի կարելի դա անել»,- ասաց Վանեցյանը։

Վալերի Օսիպյանը, այն ժամանակ ՀՀ ոստիկանապետը, այդ խոսքերը չհերքեց։ Ուրեմն Վանեցյանը ճշմարտությունն է ասում։ Այսինքն ճի՞շտ է, որ ի դեմս Փաշինյանի՝ երկիրն ունի ժողովրդի «արյան գետեր» պահանջող անհավասարակշիռ և չպատճառաբանված դաժանության ու անմեղսունակության նոպաներով տառապող ղեկավար։ Եթե ճիշտ է, ապա ինչո՞ւ է նա առ այսօր ոչ միայն ազատության մեջ, այլև իշխանության ղեկին։ Եթե ճիշտ չէ, ինչո՞ւ ոչ ոք չի հերքում այդ սարսափելի մեղադրանքները։

Վանեցյանը տեղեկացրեց նաև Վազգեն Մանուկյանի հայտնի հայտարարությունից հետո այդ քաղաքական գործչի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսելու Փաշինյանի հրամանի մասին։ Եվ հավաստեց, որ հենց այդ հրամանն է դարձել ԱԱԾ նախավերջին ղեկավարի հրաժարականի պատճառը։ Որը նույնպես չհերքեց տվյալ տեղեկությունը։ Դա ճիշտ է, թե՞ ոչ։

Նույն հանրահավաքի ժամանակ պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ մեկնած բժիշկ Տարոն Տոնոյանը սարսափելի հարցեր էր տալիս. «Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ Ջաբրայիլից մինչև Իշխանաձոր Հադրութի թիկունքը մնաց դատարկ, ո՞վ է դրա պատասխանը տալու»։

Պարոնայք ԱԱԾ-ականներ, ձեզ հետաքրքիր չէ՞, թե ով է բացել թիկունքը Հադրութի ուղղությամբ։ Գուցե հենց դրա հետևանքո՞վ է Հադրութը հանձնվել, գուցե դա արվել է նույնքան գիտակցաբար, որքան մեր մեծագույն ցավի՝ Շուշիի պարագայում։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար, եթե Տարոն Տոնոյանի ասածը ճիշտ է։ Ինչո՞ւ նրան չեն հրավիրել ԱԱԾ՝ կարևորագույն հարցի վերաբերյալ բացատրություններ տալու։ Ինչո՞ւ բացատրություններ տալու համար չեն հրավիրել հայկական բանակների հրամանատարներին։ Ինչո՞ւ չեն հրավիրել գերագույն գլխավոր հրամանատարին։ Թե՞ ձեզ հայտնի է պատասխանը, և դա է ձեր խուլ լռության պատճառը։

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Հայաստանի ներքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մարդ է։ Կողմնակի անձ, ռազմական մեկնաբան, որը պատերազմի գրեթե ողջ ընթացքում իրադարձությունների բովում է գտնվել դրանք լուսաբանելու համար։ Դուք՝ պարոնայք ԱԱԾ-ականներ, Գլխավոր դատախազության պաշտոնյաներ, ՀՔԾ-ականներ, լսե՞լ եք, թե ինչ է նա պատմում այն մասին, թե ինչպես է ընկել Շուշին: Ավելի ճիշտ՝ թե ինչպես ՉԻ ԸՆԿԵԼ, բայց այդուհանդերձ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՇՈՒՇԻՆ։ Պեգովն այդ մասին խոսում է ուղիղ տեքստով, պնդելով, որ նույնիսկ հայտնի եռակողմ հայտարարության կնքման պահին թուրքերը Շուշին չէին վերցրել։ Ահա նրա խոսքերը, եթե հանկարծ ձեր աչքից վրիպել է տեսանյութը. «Ես ապացույցներ ունեմ, որ նույնիսկ համաձայնագրի կնքման պահին, Ադրբեջանի դրոշի օրվա կապակցությամբ, որին այդքան պատրաստվել էին պաշտոնական Բաքուն ու Ալիևը, Շուշին ռազմական ճանապարհով գրավված չի եղել: Սա միանգամայն հավաստի է։ Շուշիում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էին։ Իմ ունեցած տվյալներով՝ խոսքը գումարտակի ընդհանուր թվաքանակի մասին է, մինչև 200 մարդ՝ քաղաքի տարբեր հատվածներում»։

Դժվար է պատկերացնել, բայց Հայաստանի իրավապահ մարմիններից ոչ մեկին, հայկական պետության ազգային անվտանգության համար պատասխանատու ոչ մի կառույցի հետաքրքիր չեն իրադարձությունների ականատես ռուս ռազմական թղթակցի վկայությունները։ Նրանց հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվել Արցախի մարգարիտ և հայ ժողովրդի համար սրբազան քաղաք Շուշիում։ Դա իսկապես անհնար է պատկերացնել, բայց այդպես է ստացվում։ Քանզի ԱԱԾ-ն չհրավիրեց Սեմյոն Պեգովին, հարցուփորձ չարեց նրան, չհերքեց ռազմական թղթակցի, ինչպեսև մյուս բոլոր ականատեսների ասածը, որ Շուշին չի գրավվել ադրբեջանցիների կողմից, բայց ընդ որում Արցախի և Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է անառիկ բերդաքաղաքը հանձնելու մասին։

Այսօր, ի դեպ, շատերը հարց են տալիս, թե ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղեկցում Շուշիից «հերթափոխման» մեկնող ադրբեջանական զորքերին։ «Ըստ էության, Փաշինյանը, Հարությունյանը և մյուս «հերոսները» պետք է բացատրեն մի պարզ բան։ Ընդամենը մեկ բան։ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն այժմ ուղեկցում Շուշիում ռոտացիա իրականացնող ադրբեջանա-թուրքական զորքերին։ Այդքան բան, ուրիշ ոչինչ պետք չէ։ Բայց հենց այդ բացատրությունն է խաչ քաշում հակամարտության երկու կողմերի ստերի բոլոր տերաբայթերի վրա»,- գրում է «Старше Эдды» տելեգրամ-ալիքը, որը պատերազմի բոլոր օրերը մանրամասնորեն մեկնաբանել ու վերլուծել է տեղի ունեցող ամենը։

Պատասխաններ չկան. տրված և բազմաթիվ այլ հարցերից ոչ մեկին։ Հարցեր, որոնք վիթխարի նշանակություն ունեն հայոց պետականության աղետալի դարձած ժամանակահատվածում կատարված ամենը հասկանալու համար։ Հարցեր, որոնք վիթխարի նշանակություն ունեն հայոց պետականության ապագայի, նրա փրկության համար։

Մնում է արձանագրել, որ պատասխանների բացակայությունը, ըստ էության, հենց լավագույն պատասխանն է այն հարցին, թե ինչու 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին ղեկավարող և մեզ հսկայական կորուստների ու հրեշավոր կապիտուլյացիայի բերած երկու մարդիկ դեռ նստած չեն մեղադրյալի աթոռին։ Թեև այն, ինչ նրանք արեցին՝ չար դիտավորության, տգիտության կամ ապիկարության արդյունքում, կարող է պարզապես խաչ քաշել հայոց պետականության վրա։ Եվ նրանք, ովքեր տարբեր պատճառներով չեն փորձում գտնել այդ հարցերի պատասխանները, թեև պարտավոր են դա անել ծառայողական, քաղաքացիական և, ներեցեք, բարոյական պարտքի բերումով, այդ հանցագործությունների անմիջական մեղսակիցներն են։

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ցնցող բացահայտումների հերթական չափաբաժինը ներկայացրեց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը։ Նույնիսկ եթե նրա ասածների կեսը. ոչ, անգամ եթե 30% -ը ճիշտ է, ապա դա իրոք սարսափելի է: Շատ սարսափելի։ Բայց կրկին լռություն է տիրում։ Լռում է ԱԱԾ-ն, լռում են գլխավոր դատախազությունն ու մնացած բոլորը…

Նրանք զբաղված են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման ուսումնասիրությամբ։