Փաշինյան․ Ընդդիմության իշխանափոխության կոչերը լայն աջակցություն չեն ստացել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների համատեղ հայտարարությունից հետո հայ հանրությունը չի աջակցել ընդդիմության ցույցերին և երկրում իշխանափոխության կոչերին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում, տեղեկացնում է News.am։

«Մեզ մոտ առկա է ներքաղաքական լարվածություն,- ընդունել է նա,- բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցվող կոչերը հայ հանրության շրջանում լայն արձագանք չեն ստացել։ Ես կարծում եմ, որ իշխանության հարցը, որը ձևավորվել է ժողովրդի կողմից, կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ։ Փաստն այն է, որ այն կոչերը, որոնք հնչում են ընդդիմության կողմից, հայ հասարակության աջակցությունը չեն ստանում»։

Փաշինյանն, ընդ որում, նշել է, որ շատերին և անձամբ իրեն դուր չի գալիս ստեղծված իրավիճակը, բայց հանրության շրջանում ըմբռնում կա, որ այլ ընտրություն չի եղել։ «Անկեղծ ասած, ես ևս այնքան էլ գոհ չեմ, մենք բոլորս ենք դժգոհ այն իրավիճակից, որը մեզ մոտ ստեղծվել է։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանքներ ունենք։ Մենք պետք է աշխատենք, որ իրավիճակն ավելի չվատթարանա, այլ կայունանա, բարելավվի»,- կարծում է նա։

«Հայ հանրությունը համաձայն է, որ այն իրավիճակում, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, չկար ոչ մի իրական այլընտրանք, որը մեզ համար ավելի լավը կլիներ։ Այսինքն, իմ կարծիքով, համոզմամբ, հայ հանրության շրջանում ստորագրված փաստաթղթի հենց այդպիսի ընկալում կա,- շարունակել է վարչապետը։ - Այլ հարց է, որ մենք դեռ պետք է վերլուծենք, հասկանանք և հարցերի պատասխանենք՝ ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, և ինչո՞ւ հասանք այսպիսի իրավիճակի։ Բայց այն, որ նոյեմբերի 9-ի պահին այլընտրանքներ չկային, կարծում եմ՝ հայ հանրության շրջանում կա իրավիճակի նման ընկալում»։

Ի պատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին հարցին, որը կոչ են անում նրա ընդդիմախոսները, Փաշինյանն ընդգծել է երկրի համար առաջնահերթ անհրաժեշտությունը ներկայումս այլ խնդիրների վրա կենտրոնանալն է, առաջին հերթին քաղաքական և տնտեսական կայունության ու անվտանգության վրա։

«Հիմա Հայաստանի Հանրապետության կառավարության և բոլոր քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիարժեք կայունության և անվտանգության վերականգնումը։ Ես նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունը, այլ նաև արտաքին։ Ես վեցամսյա ժամանակահատվածի համար «ճանապարհային քարտեզ» եմ հրապարակել, և առաջիկա վեց ամիսներին մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման վրա։ Դրանից հետո մենք կխորհրդակցենք հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»։