Արա Աբրահամյան. Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ադրբեջանում գնվող հայ գերիների վերադարձի հարցով հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին: Այս մասին Արա Աբրահամյանը պատմում է Ռուսաստանի հայերի միության տարածած տեսանյութում:

«Մենք նամակով դիմել ենք ՌԴ նախագահին, որում մեր մտահոգությունն ենք հայտնել, թե ինչպես է Ադրբեջանը կատարում ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ եռակողմ հայտարարության իր պարտավորությունը»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով` այդ հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս պարագայում, ըստ նրա, հայկական կողմին մնում է միայն խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, վերահսկել գործընթացն ու պարբերաբար հետաքրքրվել, թե ինչ նորություն կա։

«Ես երեկ խոսել եմ, այսօր նորից զանգահարել եմ, ասել՝ մի օր անցել է, ի՞նչ եղավ: Մենք պետք է լինենք համառ ու հետևողական, որպեսզի այս խնդիրը լուծվի»,- ասել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղեկություններով` Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն այս պահին հասնում է հարյուրների, տեղեկացնում է Sputnik Armenia: