Հայկ Ալումյան. Դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում

2018 թվականից սկսած մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ըստ էության քրեական չէ, դա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, տեղեկացնում է News.am:

Ըստ նրա` այս ընթացքում իրենք բազմիցս ապացույցներ են ներկայացրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը մեզ համար նորություն չէր, դա պարզապես լրացուցիչ ապացույց էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սա ևս մի ապացույց է, որ դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում, և հնազանդորեն կատարում է նրա բոլոր հրամաններն ու քմահաճույքները»:

Ալումյանը նշեց, որ այս պահին դատախազներին բացարկ հայտարարելու հարց դեռ չի քննարկվել` չնայած, որ նրանք ենթակա են բացարկի. «Ամեն ինչ տեղի է ունենում գլխավոր դատախազի վերահսկողության ներքո, և դատախազներին բացարկ հայտարարելն իմաստ չունի, քանի որ փոխարինումն իրավիճակի փոփոխության չի հանգեցնի»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա չկայացած այցի իր տարբերակը, գրել էր հետևյալը. «Երբ պարզվեց, որ խնդիրը Քոչարյանի անձնագրի մեջ է, որը գտնվում է դատարանում: Ես ասացի` թող գնան դատարան, ես կխնդրեմ դատախազությանը չառարկել անձնագրի վերադարձի հարցում: Այդպես էլ եղավ: Դատարանը անձնագիրը վերադարձրեց Քոչարյանին, սակայն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չթռան Մոսկվա»: