Կարեն Կարապետյան․ Իշխանությունը պետք է անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան

168.am-ը «Տաշիր գրուպի» համասեփականատեր Կարեն Կարապետյանին հարց է ուղղել երկրում տիրող իրավիճակի և ներքաղաքական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջի մասին.

«Եթե հիշում եք՝ 2018 թվականին, լինելով իշխանության մեջ, ասել էի՝ իրական իշխանությունը դրսում է՝ փողոցում է, և դրսում գտնվող ուժերն էլ պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: Այսօր էլ նույն մոտեցումն է. իշխանությունը փողոցում է և իշխանությունից դուրս ուժերն էլ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը, վարչապետի թեկնածուն: 2018-ին մարդիկ ըմբռնումով ընդունեցին այդ փաստը և անցնցում հեռացան իշխանությունից: Նույնը հիմա պետք է լինի: Առհասարակ պետք է մեր երկրում քաղաքական մշակույթ ձևավորվի և այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունը անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան: Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել: Բազմաթիվ փորձություններ ենք անցել, բավակա՛ն է»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ում է պատկերացնում վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Իմ կարծիքն այդ հարցում խիստ սուբյեկտիվ կարող է լինել, այնպես որ, հենց դրսում գտնվող ուժերն իրենք թող որոշեն՝ ում դեմքով են ներկայանում որպես իշխանություն», տեղեկացնում է News.am: