Պեսկով. Ղարաբաղում «գլխավոր» չկա. կա երկու կողմ և համաձայնություն

Ղարաբաղում գլխավոր չկա, կա երկու հակամարտող կողմ և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունը։ Ռուսական կողմը համակարգում է իր գործողությունները թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ, ճիշտն ասած, գլխավոր չկա։ Այնտեղ կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այդ կողմերը միասին ստորագրել են հայտնի եռակողմ հայտարարությունը։ Եվ ի կատարումն այդ հայտարարության դրույթների` ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը համակարգում են իրենց գործողությունները թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,-հայտարարել է Պեսկովը, խոսելով այն մասին, թե ում հետ են Արցախի ռուս խաղաղապահները համակարգում իրենց գործողությունները, և թե ով է այնտեղ «գլխավորը»։