Դավիթ Բաբայան․ Հնարավոր է` առաջիկա օրերին գերիների նոր փոխանակում տեղի ունենա
Հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակումը տեղի կունենա մոտ ապագայում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Հստակ ամսաթիվ չեմ կարող նշել, բայց հույս ունեմ, որ այդ իրադարձությունը տեղի կունենա առաջիկա օրերին», - ասել է նա։
Բաբայանը հույս է հայտնել, որ գերիների հաջորդ փոխանակումը տեղի կունենա այս հանգստյան օրերին:
«Տա Աստված, հույս ունեմ։ Սա շատ նուրբ թեմա է, քանի որ հարազատները մշտապես սպասում են: Նրանց համար թանկ է ամեն րոպեն, վայրկյանը։ Այդ պատճառով պետք է իմանալ ճշգրիտ ամսաթիվը, որպեսզի այդ մարդկանց տեղեկացնենք», - ասել է Արցախի նախագահի խորհրդականը։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանին փոխանցված գերիների առաջին խմբի մեծ մասն առողջական լուրջ խնդիրներ ունեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: