ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ… ԻՄՊՈՏԵՆՑԻԱ

Ինչո՞վ են կառավարությունում, մի հարցնող լինի, պատրաստվում «կայտառացնել» բիզնեսը

Հայրենի տնտեսության փրկությանն ուղղված անհետաձգելի գործողությունները, իշխանությունների պատկերացմամբ, սահմանափակվում է Հայաստանում տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հերթական բարի ցանկությամբ, ինչն արտացոլված է Նիկոլ Փաշինյանի փառահեղ «ճանապարհային քարտեզում»՝ բաղկացած ամբողջ 15 կետերից։ Ի՞նչ է սա. անզորություն, բացարձակ անտեղյակություն տնտեսության ծանր վիճակի և է՛լ ավելի ծանր հետևանքների մասին, թե՞ ներկայիս իշխանությունների համար սովորական դատարկախոսություն ու մանիպուլյացիա...

Փաշինյանի ապիկար թիմի կառավարկան շրջանում սահմանի վրա գազի գնի թանկացումից և այնուհետ, մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար արտոնյալ սակագների վերացումից հետո՝ հաջորդ տարվա փետրվարի 1-ից բիզնեսի համար կաճեն նաև էլեկտրաէներգիայի սակագները. 1 կվտ/ժ-ի դիմաց 3 դրամով: Իսկ էներգակիրների թանկացումը, ինչպես հայտնի է, իր հետևից տանում է նաև շուկայի գնային ողջ կոնյունկտուրան, այնպես որ միայն խելագարը կարող է նման պայմաններում ինչ-որ բան բարբաջել բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտի մասին։ Եվ նա, ըստ էության, բարբաջում է, ընդ որում ոգևորվելով էկոնոմիկայի իր նախարար Վահան Քերոբյանի պատկերած հեքիաթային հեռանկարներից։

Երկրում գների հետագա աճն անխուսափելի է, ինչը դրամական միջոցներից պարզապես զուրկ բնակչության առանց այդ էլ ցածր սպառողական ակտիվության պայմաններում կարող է հանգեցնել բիզնես-գործունեության բացարձակ կաթվածահարության և խորքային սոցիալական աղետի։ 2018-ի «թավշե» պետհեղաշրջումից և «տնտեսական հեղափոխության» հայտարարումից հետո նույն այդ տնտեսությունից կմնան լոկ ծվեններ ու պատառիկներ։ «Կայտառացնել» բիզնեսը ներկայիս իշխանություններին չի հաջողվի հաստատապես, նամանավանդ արժութային փոխարժեքի բարձր փոփոխականության պայմաններում։

Փաշինյանի կառավարությունը, այլընտրանքի բացակայության պարագայում, պարզապես խոնարհաբար թաղվում է պարտքերի մեջ, որպեսզի տարրականորեն ջրի երեսին պահի տնտեսությունն ու սոցիալական ոլորտը։ Իսկ նորանոր պարտքեր անելու համար, համաձայնեք, առանձնակի խելք պետք չէ, մանավանդ որ պարտքերը վերադարձնողն ամենևին էլ իրենք չեն լինելու։

Ահագնացող ճգնաժամից դուրս գալու համար նոր, ոչ ստանդարտ գաղափարների և մշակումների ստեղծումը «հեղափոխական» իշխանության գործունեության, մեղմ ասած, ամենաուժեղ կողմը չէ, որը սովոր չէ ավարտին հասցնել իր իսկ նախաձեռնություններից որևէ մեկը։ Իներցիան Փաշինյանի ու իր թիմի տարերքն է։ Իշխանությունների կողմից բուծված «պողոսների» մի ամբողջ խավի համար արտահայտվենք ավելի պարզ. ներկայիս վայ-ղեկավարների համար շատ ավելի հարմար ու հարմարավետ է լողալ այնտեղ, ուր քամին է փչում (տվյալ դեպքում՝ դեպի անդունդ)։ Կներեք, բայց դա ջրափոսում լողացող կղանքի օբյեկտիվ հատկանիշն է։

Ի հայտ է գալիս, օրինակ, երկրի արժութային եկամուտն ապահովող արտահանման ծավալների կտրուկ ավելացման հարցը։ Ի՞նչ են անում իշխանություններն այսօր դրա համար։ Բացարձակապես ոչի՛նչ։ Ինչպես որ ոչինչ չեն արել այդ առումով նախորդ 2,5 տարիների ողջ ընթացքում։ Այսօր հրատապ կարելի է համարել նաև վճռական քայլերը տեղական ապրանքների մրցունակության բարձրացման ուղղությամբ, առաջին հերթին՝ պարենայինի, ներկրման փոխարինման միջոցառումների մշակումը։ Եվ կրկին՝ զրո։ Դարձյալ հղում են կատարում «նախկիններին», բայց դա, այդ հղումը, այլևս չի գործում, քանզի նախորդ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ այնուամենայնիվ հասել էր արտահանման աճի տեմպերի գերակշռությանը ներկրման համեմատ և, համապատասխանաբար, երկրի արտաքին առևտրային հաշվեկշռի աստիճանական շտկմանը։ Հասել էր և «ժառանգել» այդ կարևոր ձեռքբերումը Փաշինյանի խեղկատակներին, որոնք կարճ ժամանակահատվածում իսպառ զրոյացրեցին այդ ձեռքբերումը և ամեն ինչ «վերադարձրեցին ի շրջանս յուր»։

Փաշինյանի կառավարության և, մասնավորապես, դրա կազմում ձևավորված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարարության աննախադեպ ձեռքբերումների մասին ավելի լավ է լռենք. Մեր փոխարեն ամեն ինչ ասաց պատերազմը։ Ժամանակին լայնորեն ծանուցված ծրագրերը՝ Հայաստանում ինքնաձիգների և ականանետների արտադրություն ստեղծելու վերաբերյալ, եթե անգամ իրականացել են, ապա «Սմերչների» և «Բայրաքթարների» դեմ անօգուտ են գտնվել։ Գուցե նախարար Հակոբ Արշակյանը գոնե այսօր մտահոգվի՞ վերջապես ավելի հեռանկարային մշակումներով (մանավանդ որ ոչ այնքան վաղուց հայտարարվում էր մեր ռազմարդյունաբերական համալիրի կողմից ինչ-որ հրաշք զինատեսակի ստեղծման մասին, որը, իշխանությունների հավաստմամբ, կխլխլեն աշխարհի ամենաառաջավոր երկրների բանակները)։ Թե՞ այնուամենայնիվ ավելի հարմար է շարունակել լողալ հոսանքն ի վար, ինչպես... դե, ինքներդ էլ գիտեք, թե ինչը:

Основная тема:
Теги: