«Լինելու ենք եկեղեցու կողքին». Էջմիածնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել

Այսօր վաղ առավոտից Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու և ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոսի։ Սուրբ Գայանե եկեղեցու մոտ են նաև ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ուրիշներ։

Տեր Սահակ քահանա Գալստյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով հունվարի 3-ին` առավոտյան 9:30-ին, հավաքվել Էջմիածնում՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար բողոքի ցույց անցկացնելու նպատակով։ Դրան ի պատասխան տարբեր քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ կոչ էին արել միավորվել բողոքի ցույցը խափանելու և եկեղեցին պաշտպանելու համար։

Նշենք, որ այսօր Սուրբ Գայանեում եկեղեցում 2021 թվականի առաջին պատարագն է անցկացվում վեհափառ հայրապետի մասնակցությամբ։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ եկել են առաջնահերթ կիրակնօրյա պատարագի մասնակցելու, խոստովանություն անելու, հաղորդություն ստանալու, հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու և իրենց համերաշխությունը վեհափառ հայրապետին հայտնելու համար։

«Լինելու ենք եկեղեցու կողքին, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի անարգել մեր սրբությունները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը։

Այն, ինչ այսօր կատարվում է, և այն կոչերը, որ հնչում են` ուղղված վեհափառ հայրապետին և եկեղեցուն, Վահրամ Բաղդասարյանն անվանեց «խայտառակություն և ոտնձգություն մեր հավատքի նպատմամբ»։

Վեհափառ հայրապետը դեպի եկեղեցի քայլեց քաղաքացիների ուղեկցությամբ՝ ճանապարհին օրհնություն բաժանելով հավատավորներին։