Ինկասացիայի ավտոմեքենաներն Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ ի՞նչ էին բերում Ղարաբաղից. Թաթուլ Պետրոսյան

Հասկացա, որ նման անձանց հետ իմ  հետագա աշխատանքն անհամատեղելի է: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց  ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ով 2018 թվականի իշխանափոխությունից հետո ազատվել է պաշտոնից:

«Ինձ խորդ էր նման մոտեցումը, որ պաշտամունքի էր վերածում նույն Նիկոլ Փաշինյանն իր նկատմամբ եւ նրա նշանակած կադրային քաղաքականությունը: Ես շուրջ 30 տարի աշխատել եմ քննչական ապարատում, եւ  կարող եմ ասել, որ բավականին լուրջ աշխատանք տարվեց Քննչական կոմիտեն ստեղծելու համար, բայց ՔԿ նախագահ նշանակվեց մի անձ, (նկատի ունի Հայկ Գրիգորյանին, -հեղ.), որի տեսակի, վարքի, գիտելիքի մասին բոլորը գիտեն: Ինձ ավելի ցավ պատճառեց այն, որ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվեց Արգիշտի Քյարամյանը»,- նշեց Պետրոսյանը եւ հավելեց, որ Քյարամյանը պատերազմի առաջին օրերին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ հայտնվել Արցախում։

«Ինչի՞ համար, ի՞նչ միսիա ուներ նա Ղարաբաղում: Լրտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ խոսակցությունները աբստրակտ են, դեռ որեւէ ապացույց չկա, բայց հույս ունեմ, որ կգտնվի: Մամուլը գրում էր, որ նա մշտապես Շուշիում է լինում, նաեւ Արայիկ Հարությունյանի կողքին, այնուհետեւ Հայաստան է վերադառնում ինկասացիայի մեքենայով… Ինկասացիայի ավտոմեքենաները ի՞նչ էին անում Ղարաբաղում եւ ինչո՞ւ էին Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան, ի՞նչ էին դուրս բերում այնտեղից»,- ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am