Կրկին երկրաշարժ է եղել. Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Նախիջևան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

«Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:22-ին, գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը եղել է 10 կմ, այն 4.3 մագնիտուդ ուժգնության է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia: