Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմական իրավիճակը, կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը և նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձևավորել:

Անդրադառնալով անօթևան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար կառավարությունն առաջիկայում կստեղծի տարբեր հնարավորություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Այնուհետև Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia: