Հայաստանում ադրբեջանցիներին հայկական անձնագիր տրամադրելու որևէ դեպք չի եղել

Ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տալու վերաբերյալ որևէ փաստ առկա չէ, իսկ քննություն կարող է իրականացվել միմիայն հիմնավոր փաստերի առկայության դեպքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվել են, որի ընթացքում հիմնավոր հիմքեր, ապացույցներ, հանգամանքներ ի հայտ չեն եկել

«Նույնիսկ դիմել էինք այն անձանց, որոնք մամուլով և տարբեր սոցիալական ցանցերով հանդես էին եկել նմանատիպ հայտարարություններով, խնդրել, որ մեզ տրամադրեն գեթ մեկ օրինակ՝ ավելի հստակ ուսումնասիրություն կատարելու համար, սակայն որևէ օրինակ չկա»,-նշեց Արա Ֆիդանյանը։

Վերջինս վստահեցրեց՝ Հայաստանում ադրբեջանցիներին հայկական անձնագիր տրամադրելու որևէ դեպք չի եղել, տեղեկացնում է Փաստինֆո։