Արտակ Թովմասյան. Կոմունիկացիաների ապաարգելափակումը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի

Կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի մեզ համար, և թող ոչ ոք պատրանքներ չտածի: Տնտեսական խնդիրներ կլինեն` անկախ նրանից, թե ով կգա իշխանության: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

Նրա խոսքով` բոլոր երկրները ճգնաժամ կապրեն, Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հասարակությունում հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից, բացի այդ կորել է սփյուռքի վստահությունը Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ` «Հայաստան» հիմնադրամի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:

«Դրան գումարվում է պարենային ռեսուրսների կորուստը, որոնք մենք ունեինք Արցախում մինչ պատերազմը, մենք դեռ չենք լուծել ինքնաապահովման խնդիրը պարենային ոլորտում: Հաշվի առնելով, որ թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են` դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում»,- ասաց Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ 90-ականների պատերազմից հետո տնտեսությունը հաջողվեց վերականգնել 14 տարում` պետբյուջեի եկամուտները 200 միլիոն դոլարից (1994-ին) հասցնելով 3.5 միլիարդ դոլարի (2008-ին), տեղեկացնում է News.am: