ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՈՒՂՂԱԹԻՌԻ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ նրանից, թե երբ դրանք տեղի կունենան, հաղորդում է Panorama.am-ը։
«Ես իմ կողմնակիցներին կոչ եմ արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես՝ հանդիպումների, մտքերի փոխանակման, քննարկումների ձևով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում:
«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այս մթնոլորտում, այս հակասությունների ու անորոշությունների, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում արտահերթ ընտրություններն իսկապես վտանգավոր են։ Բայց այնուամենայնիվ եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններն ավելի արագ, ապա ևս չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է, կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը։
Ընտրություններին միանշանակ մասնակցելու եմ: Այո՛, մասնակցելու և կրելու ենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ժանրի (թավշե) օրենքներով՝ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունից հետո գիշերը Երևանի կենտրոնական փողոցներով պետք է ռազմական ուղղաթիռ շարժվեր՝ կցաքարշով, ուժայինների կողմից պետք է աննախադեպ ուժեղացվեր կառավարության շենքի և կառավարական ամառանոցների հսկողությունը։ Իսկ ֆեյսբուքյան եթերում պետք է հայտնվեր հիստերիայի մեջ ընկած համապատասխան անձնավորությունը։ Այս ամենը, ի զարմանս շատերի, տեղի չունեցավ։ Գիշերը կասկածելի հանգիստ անցավ…
Մնում է հասկանալ, թե ինչու։ Ինչո՞ւ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Քոչարյանի հայտարարությունը չվախեցրեց (համենայն դեպս վախի ակնհայտ նշաններ չնկատվեցին) ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդուն։
Միանգամայն ակնհայտ է, որ եթե տեղի ունենան ընտրություններ, անկախ նրանից, թե երբ և ով է դրանք անցկացնելու, դեռևս իշխանության ղեկին գտնվող թիմի համար արդյունքներն այնքան էլ դրական չեն լինի։ Այո, միանշանակ գործի կդրվի վարչական ողջ ռեսուրսը, միանշանակ ճնշում կգործադրվի ընդդիմախոսների վրա՝ ուժայինների և ապատեղեկատվական-ֆեյքային գործիքների ներգրավումով, միանշանակ կլինեն արդյունքների կեղծումներ։ Այո, ինչ-որ ձևով կարելի է ապահովել ռեժիմի վերարտադրությունը։ Բայց նույնիսկ այդ ողջ փնջով հանդերձ՝ ստանալ խորհրդարանի նույնքան վերահսկելի հաջորդ կազմ, ինչպիսին ներկայինս է, Նիկոլին չի հաջողվի։ ԱԺ-ում 88 պատգամավորների առկայության մասին, որոնք պատրաստ են հավանություն տալ վարչապետի ցանկացած քմահաճույքին, Նիկոլը ստիպված կլինի պարզապես մոռանալ։ Չենք խոսում արդեն այն մասին, որ եթե ընտրություններ լինեն, ապա հականիկոլական ընտրազանգվածը կլինի ոչ միայն թվաքանակով ահռելի, այլև մասնակցության առումով՝ աննախադեպ ակտիվ։ Բոլոր բնութագրիչներով՝ նոր ընտրություններ նիկոլական ռեժիմին պետք չեն։
Բայց առավել եվս դրանք (նոր ընտրությունները Հայաստանում) պետք չեն Ալիևին։ Մանավանդ այն բանից հետո, երբ Քոչարյանը հայտարարեց մասնակցելու մտադրության մասին։ Այսօր Փաշինյանն իր ձեռնասուն թիմի հետ միասին ապահովում է այն ամենը, ինչ ցանկանում են Բաքուն ու Անկարան։ Մեղմ ասած՝ առանց չնչին իսկ դիմադրության, թեև ավելի ճիշտ կլինի ասել՝ գիտակցաբար, պատրաստակամորեն, միտումնավոր ու դավաճանաբար։ Ահա ուրեմն, հասկանալի է, որ ամեն դեպքում ընտրությունների արդյունքներով, նույնիսկ եթե թավիշը վերադառնա որևէ տեսքով, թուրք-ադրբեջանական շահերն առաջ մղելու հարցում Երևանի հնազանդություն և առավելևս գործակցություն ակնկալել Ալիևն այլևս չի կարող։ Իսկ Քոչարյանի մուտքը քաղաքական ասպարեզ և նրա միանգամայն իրական հաջողությունն առհասարակ ենթադրում են Հայաստանի ապագա իշխանության կոշտ դիմադրություն Ալիևի և Էրդողանի ծրագրերին։ Բացի այդ, թե՛ Բաքվում և թե՛ Անկարայում գերազանց հասկանում են, որ Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական ակտիվացումը զգալիորեն կշտկի և՛ Մինսկի խմբի, և՛ Ռուսաստանի դիրքորոշումն իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերություններում, դրական լիցք կհաղորդի այդ հարաբերություններին։ Կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք վկայում են, որ նոր ընտրությունները Հայաստանում և առավելևս Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը շատ լուրջ ռիսկեր են ստեղծում Հայաստանի վերջնական ոչնչացման Ալիևի, Էրդողանի և Փաշինյանի ծրագրերի համար։
Հիմա վերադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ հունվարի 28-ի գիշերը հայոց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, ի զարմանս շատերի, ռազմական ուղղաթիռ չնկատվեց, ինչո՞ւ չհաջորդեց ֆեյսբուքյան հիստերիկ եթերը։ Պատասխանը պարզ է. իրականում Նիկոլը չի պատրաստվում ընտրություններ անցկացնել նույնիսկ սեփական կանոններով։ Բացի այդ, Բաքվից ու Անկարայից նրան կարգելեն նույնիսկ մտածել այդ մասին։ Մեր ոխերիմ հարևանների և մեր հինգերորդ շարասյան համար չափազանց մեծ է վտանգը, որ արտահերթ ընտրություններով կարթնանա Երևանի ինքնապահպանման բնազդը։ Եվ էլի մի բան։ Եթե Ալիևն էլ հարբեցող լիներ, ընկներ հիստերիայի մեջ, ապա հունվարի 28-ի գիշերը ռազմական ուղղաթիռ կարող էր հայտնվել Բաքվի փողոցներում։ Լոկ այն մտքից, որ Քոչարյանը որոշել է վերադառնալ, Ապշերոնի սուլթանի արյան մեջ նույնպես շաքարը բարձրանում է…