ՌԴ ՊՆ փոխնախարարը դիտարկման կենտրոնում երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տարածքում, որը այսօր բացվել է Կիյամադդինլի բնակավայրի (Աղդամի շրջան) տարածքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Իսկապես, Ադրբեջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացումը շատ կարևոր իրադարձություն է: Կուզեի համոզմունք հայտնել, որ Թուրքական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինծառայողներն, իհարկե, Ադրբեջանի աջակցությամբ, կանեն հնարավոր ամեն բան՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար»,- ասել է Ալեքսանդր Ֆոմինը:

Իր հերթին, Զաքիր Հասանովը նշել է, որ համատեղ դիտարկման կենտրոնի բացումը նշանակալի իրադարձություն է:

«Թուրք և ռուս զինծառայողները իրենց հարմարավետ կզգան և հանգիստ կլուծեն այն խնդիրները, որոնք իրենց առջև դրված են: և մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի կենտրոնն ամբողջությամբ կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները»,- ասել է նա, տեղեկացնում է News.am: