Ադրբեջանցիները մեկ ամիս է, ինչ պարբերաբար կրակում են Կապանի հարևանությամբ

Ադրբեջանցի զինվորականները Կապանի մի քանի գյուղերի հարևանությամբ արդեն մեկ ամիս է պարբերաբար կրակոցներ են արձակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ն ահազանգել էր, որ Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ լինելով հարբած վիճակում։

Կապանի համայնքապետը հաստատեց տեղեկությունները նշելով, որ հստակ չգիտեն ադրբեջանցիներն օդ են կրակում, թե ոչ, բայց կրակոցները հնչում են «Մեկ ամիս է հնչում են կրակոցները, բայց որ ասեմ ինչ-որ բան վնասված է կամ կրակոցների տեղ է երևում, այդպես չէ։ Ամեն ուղղության վրա գոյություն ունեն զինվորական պատասխանատուներ կամ հրամանատարներ»,-ասաց Գ.Փարսյանը՝ ավելացնելով, որ երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացվում է. «Նման դեպքերում իրենց հրամանատարները պետք է կանխեն այդ կրակոցները։ Ասում են, որ անթույլատրելի է, վստահեցնում՝ կպատժեն, կսաստեն, բայց այդ ուղղությամբ ինչ-որ լուծումներ դեռ չենք տեսնում»։

Նրա փոխանցմամբ՝ կրակոցներ առավել հաճախակի հնչում են հերթափոխի սկզբնական շրջանում, հետո աստիճանաբար դադարում ու ավելի հազվադեպ դառնում։

Գևորգ Փարսյանն ընդգծեց՝ եթե ալկոհոլի ազդեցության ներքո են կրակում, միանշանակ վտանգավոր է, քանի որ այդ պահին ոչ ադեկվատ վիճակում են գտնվում։ Ճիշտ է, այդ բնակավայրերում վնասված կառույցներ կամ շենքեր չկան, սակայն, ինչպես նշեց Կապանի համայնքապետը, բնակիչներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով և մտահոգ։