Պատգամավոր․ Ալիևը այցելում է Շուշի, Փաշինյանը Ստեփանակերտ չի այցելում

Ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ մինչև սեպտեմբերի 27-ն առկա իրավիճակում մենք էինք խոչընդոտը տարածաշրջանում առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված, հիմա կարծեք թե շատ գործընկերներ այս դահլիճում նստած կարծում են, որ քանի որ ամեն ինչ ավարտվեց, բոլորս կարող ենք խոսել տարածաշրջանում անվտանգության, առևտուր անելու, տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Հայաստանն էր, հա՞, ամբողջ խոչընդոտը իր վրա վերցրել»,-հարց ուղղեց նա՝ հավելելով, որ իրականում Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, պատերազմական հանցագործություններ է կատարում, ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործների հավաքածու է:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ եթե չի սխալվում կառավարության անդամներից միայն մեկն էր գնացել Արցախի Հանրապետություն վերջին շրջանում, իսկ վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու համար այնտեղ ինչ է կատարվում:

«Ադրբեջանի նախագահն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում: Երեք ամիս է անցել, Հայաստանի Հանրապետության ֆինանսավորմամբ մի տուն չի կառուցվել Արցախում: Հայաստանի Հանրապետությունը Արցախի բնակիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորը չէ՞ր, սոցիալական պայմաններով զբաղվողը չէ՞ր, էդ ձեռքներդ լվացի՞ք էլի փաստորեն Արցախից: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի՛ իշխանական պատգամավորներ և կառավարություն, օր առաջ վերանայեք ձեր քաղաքականությունը: Գիտակցեք, որ առանց Արցախի Հայաստան չկա, առանց Հայաստանի Արցախ չկա»,-ընդգծեց ԼՀԿ-ական պատգամվորը, տեղեկացնում է News.am: