ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Թուրքիային կատարել իր պարտավորությունները

Հայաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման, դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները, տեղեկացնում է Mediamax.am:

Այս մասին ասել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունը։

«Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6,3 մլն թուրքական լիրա գին: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել»,- ասել է խոսնակը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խորհրդին, թե «Հայաստանը պետք է դաս քաղի», Աննա Նաղդալյանն ասել է

«Որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը»: