ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Արցախը
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Թայիփ Էրդողանի առաջատար խորհրդականները հեռախոսազրույց են ունեցել, ինչը երկրների առաջին պաշտոնական շփումն է Բայդենի` նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, հաղորդում է Anadolu-ն:
Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը քննարկել են Սիրիային, Լիբիային, Միջերկրական ծովի արևելյան հատվածին, Կիպրոսին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:
Կալինը Սալիվանին ասել է, որ համատեղ ջանքեր են անհրաժեշտ` երկրների միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպիսիք են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի գնումը և Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, տեղեկացնում է News.am-ը:
Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունն ասել է, որ Սալիվանը կարևորում է Բայդենի վարչակազմի ցանկությունը «կառուցողական» հարաբերությունների հարթել ԱՄՆ և Թուրքիայի միջև, սակայն անդրադարձել է նաև տարաձայնությունների ոլորտին:
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնն հայտարարել է, որ Սալիվանը «փոխանցել է վարչակազմի` ՆԱՏՕ-ի միջոցով տրանսատլանտյան անվտանգությունը խթանելու մտադրությունը` մտահոգություն հայտնելով, որ Թուրքիան ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերմամբ խաթարում է դաշինքի միասնությունն ու արդյունավետությունը»: