78 մլն դրամ «Իմ քայլին», 5 մլն` ՀՀԿ–ին. կառավարությունը փող կտա 5 քաղաքական ուժի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից 103 մլն դրամը տրամադրել Հայաստանի խորհրդարանական 3 և արտախորհրդարանական 2 քաղաքական ուժերին։

Կառավարության որոշման նախագիծը ներկայացված է գործադիրի վաղվա` փետրվարի 4-ի նիստի օրակարգում։

Դրանից պարզ է դառնում, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը կստանա առյուծի բաժինը` 78 006 300 դրամ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները` ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն, կստանան համապատասխանաբար 9 150 700 և 7 056 700 դրամ։

Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունից գումար կստանան միայն ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն. առաջինը` 5 208 500 դրամ, երկրորդը` 4 303 400։

Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` որոշումը նախատեսվում է ընդունել առանց զեկուցման ու քննարկման, տեղեկացնում է Sputnik Armenia։