Կարեն Վրթանեսյան․ Մեր զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են

Ամեն շաբաթ նորություն են ստանում, որ հերթական բնակավայրի մոտ մեր դիրքերը զիջել ենք ադրբեջանցիներին: Այս մասին այսօր փետրվարի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, տեղեկացնում է News.am:

«Երեկ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր դիրքերը հետ են քաշվել: Ընդ որում՝ իշխանությունն իրեն բնորոշ ձևով սկզբից դա անվանեց լկտի սուտ, ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը: Տեղեկացանք, որ հայկական հենակետն այդտեղից հետ է քաշվել, ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել, որ մինչև այսինչ ժամը նահանջել, և զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են՝ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը: Սա նշանակում է, որ եթե իրավիճակը սրվի, բոլոր այդ գյուղերը դատարկվելու են, որովհետև նրանք բոլորը գտնվելու են հակառակորդի նշանակության տակ»,-ասաց Վրթանեսյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ռազմական նկատեց, որ Իլհամ Ալիևը տեսնում է, որ այդ հարցը հարմար լծակ է Հայաստանին ճնշելու համար և անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել. «Ադրբեջանը 62 գերի վերցրել է հրադադարի համաձայնությունից հետո և մինչև այսօր էլ որևէ բացատրություն չկա, թե ի՞նչ հանգամանքներում են նրանց վերցրել կամ իրենց հետ եղած ծառայակիցներն ինչպե՞ս են զոհվել: Ակնհայտ է, որ թշնամին սա օգտագործում է, որպես խաղաքարտ, Նիկոլ Փաշինյանն էլ սա օգտագործում է սեփական ժողովրդի դեմ»: