Գևորգ Պետրոսյան․ Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որևէ եղանակով վարչական լծակի տիրապետելու եղանակով անիմաստ է ընտրությունների գնալը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

 

Եթե Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ դեպքերում ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե ինչ վայրագությունների հանձնարարություն է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել։ Սակայն Փաշինյանը որոշ մարդկանց ելույթներից այնքան վախեցած էր, որ ուղղակի խուսափեց ընտրություններից»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն այլևս չունի բարձր վարկանիշ, և եթե կեղծիքներ չլինեն, նա չի կարող հաղթել ընտրություններում։

Հարցին, թե իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը չի ցանկացել արտահերթ ընտրություններ` ի՞նչ կասի այդ մասին, Պետրոսյանը պատասխանեց, թե այդ ե՞րբ է Փաշինյանը հաշվի առել ընդդիմության կարծիքը։ Նա նշեց` Փաշինյանն այն մարդն է, որ անթաքույց կերպով արհամարհում է ընդդիմությանը։

Նա հավելեց, որ ԲՀԿ–ն դեմ չէ արտահերթ ընտրություններին, սակայն դեմ է, որ դա տեղի ունենա Փաշինյանի վարչապետության շրջանում, տեղեկացնում է Sputnik Armenia։