Փորձագետ․ Իշխանությունները ցանկանում են բուհերը 5% ֆինանսավորելու պարագայում դրանք 55% վերահսկել

Հայաստանի իշխանությունները ցանկանում են բուհերը 5 տոկոսով ֆինանսավորելու պարագայում դրանք 55 տոկոսով վերահսկել: Այս մասին փետրվարի 11-ին առցանց քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա նշեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ ռեկտորին կնշանակի պետությունը, իսկ իշխանությունները ավելի քան 50 տոկոս ձայն կստանան բուհերում որոշումների ընդունման համար:

Նրա խոսքով՝ եթե իշխող ուժը բերում է Եվրոպայի որոշ երկրների օրինակը, որտեղ ռեկտորները նշանակվում են, ապա պետք է նկատի ունենալ, որ այդ երկրներում բարձրագույն կրթությունն ամբողջությամբ անվճար է, այսինքն՝ պետությունը ոլորտը ֆինանսավորում է և այնտեղ մարդկանց նշանակելու իրավունք ստանում: «Երբ իշխանություններն օրենք են գրում, պետք է մտածեն, որ իրենք հավերժական չեն, ու երբ հեռանան, փոփոխությունները կարող են բարդություններ ստեղծել նաև իրենց համար: Օրինակ՝ եթե նրանցից ինչ-որ մեկը ցանկանա հավակնել ռեկտորի պաշտոնի, իրենք կարող են այդ հնարավորությունից զրկվել ընդամենը 5 մարդու որոշմամբ, նույնիսկ եթե բուհն իրենց աջակցի»,- հավելեց Խաչատրյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ չի լուծվում բուհերի նորմալ ֆինանսավորման հարցը, իսկ դասախոսների ներկայիս ծանրաբեռնվածության պայմաններում նրանցից լուրջ գիտական արդյունք պահանջելն ուղղակի անիմաստ է, տեղեկացնում է News.am: