«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դատի է տվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դատի է տվել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին:

Հեռուստաալիքը պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը։ Մասնավորապես, խոսքը հունվարի ութին ընդունված «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության մասին» որոշումն է, որով լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5 ՝ խոստացված 6-ի փոխարեն:

Երկրորդ որոշումն էլ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին թիվ 14» որոշումն է։

Նշենք, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Դատարանը վարույթ է ընդունել գործը և նշանակել դատաքննություն, տեղեկացնում է Sputnik Armenia։