Շաքե Իսայան․ Սյունիքում որոշ տարածքներ անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը

Սյունիքում ձյունը հալվելուց հետո որոշ տարածքներ անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

«Նոյեմբերի 9-ից հետո մեր խմբակցության տարբեր ներկայացուցիչներ, տարբեր տեղեկությունների ու մտահոգությունների հիման վրա, իրենց հայտարարություններում գաղտնի հավելվածի մասին տեղեկությունները բարձրաձայնել են։ Եվ, այո, թույլ տվեք ասել, որ այսօր էլ մենք շարունակում ենք ունենալ ողջամիտ կասկածեր, որովհետև փոխվարչապետի պատասխանը ոչ թե լուծումներ տվեց և մեկընդմիշտ փակեց այդ կասկածները, այլ ճիշտ հակառակը՝ մեզ նորանոր մտահոգություններ փոխանցեց»,- ասաց նա։

Ըստ Իսայանի՝ փոխվարչապետի պատասխանները մի բան են հուշում՝ կամ նա չի տիրապետում իրավիճակին, կամ կա կոնկրետ այլ բանավոր կամ փաստաթղթային պայմանավորվածություն, որի մասին իշխանությունները շարունակում են լռել։ «Հավանաբար փորձում են դոզավորված այդ տեղեկությունները ՀՀ քաղաքացիներին հրամցնել։ Երբ մենք Սյունիքում էինք, համայնքի ղեկավարները հստակ նշում էին՝ կոնկրետ Ծղուկ լեռան հատվածում կա խնդիր։ Այս պահին GPS-ը արձանագրել է, որ դա Ադրբեջանի տարածք է։ Իսկ քանի որ համայնքի ղեկավարներն իրենք են այդ ժամանակահատվածում պետության փոխարեն առնչվել ադրբեջանցի զինվորականների հետ, ասել են՝ երբ ձյունը կհալվի, այդտեղ տեղի կունենան սահմանազատման աշխատանքներ։ Նույն խնդրին մենք ականատես եղանք Ջիլ համայնքում, որտեղ համագյուղացիներին են ցույց տվել կոնկրետ դիրքը և ասել, որ նույն խնդիրն իրենց սպասում է գարնանը։ Որևէ մեկդ այս իշխանություններից այդ մասին լսե՞լ եք։ Ես ունեմ ողջամիտ կասկած՝ կամ այս իշխանությունը՝ ի դեմս փոխվարչապետի, չի տիրապետում իրավիճակին, կամ կան գաղտնի պայմանավորվածություններ ու հավելվածներ»,- հավելեց Շաքե Իսայանը, տեղեկացնում է Lragir.am։