ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ, ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Մոսկվայի, Երևանի, Բաքվի շահերը համընկնում են տնտեսական հարցերում, իսկ տարաձայնությունները վերաբերում են Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Ադրբեջանն ասում է, որ ղարաբաղյան հակամարտությունը սպառված է, մինչդեռ Հայաստանն ասում է, որ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և այդ դիրքորոշումը սատարում են ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները: Մոսկվան նույնպես դեմ չէ, որ Մինսկի խումբն ակտիվորեն սկսի աշխատանքը:

Ինչպես նշեց Տարասովը, ինտրիգը կայանում է նրանում, թե ինչի մասին կողմերը կսկսեն խոսել, քանի որ հին օրակարգը չի աշխատում, փոփոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը ղարաբաղյան պատերազմից հետ: Ինչի՞ մասին նրանք կխոսեն: Ի՞նչ պայմաններով: Ի՞նչ դրույթների հետ է համաձայն Ադրբեջանն ու Հայաստանը, որպեսզի սկսեն երկխոսել ԱԳ նախարարների մակարդակում, իսկ հեռանկարում, հնարավոր է նաև պետությունների ղեկավարների մակարդակում:

«Հայաստանի կողմից Ղարաբաղի կարգավիճակը չճանաչելը հանգեցրել է նրան, որ այժմ իրավական առումով ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, դեռ ավելին, Ղարաբաղի հետ հաղորդակցումը հասանելի է դառնում Ադրբեջանի միջոցով: Ուստի կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի առաջխաղացման դեպքում այդ հարցը կարող է լուծվել Մոսկվա-Բաքու երկխոսության միջոցով: Միևնույն ժամանակ Ռուսաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, քանի որ դա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակներից մեկն է»,-հավելեց քաղաքական գործիչը:

Զուգահեռաբար ընթանում է մեկ ուրիշ գործընթաց. Մոսկվայում կայացել է փոխվարչապետերի մակարդակով հանդիպում, որի ընթացքում դիտարկվել է հաղորդակցությունն արգելաբացելու մասին հարցը: Շեշտադրվում է այն, որ դա կհանգեցնի հայկական բիզնեսի հնարավորությունների մեծացմանը, կսկսվի բիզնես երկխոսություն, որը հեռանկարում կարող է հանգեցնել նոր փոխզիջող մոտեցումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Կա ևս երկու հումանիտար հարց, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ ռազմագերիների փոխանակման, սահմանները որոշելու և խնդիրները:

«Առանց որոշելու, թե ինչ պարամետրերով կդիտարկվի Ղարաբաղը (աշխարհագրական տեսանկյունից), դրա կարվավիճակի հարցին անցումը հնարավոր է միայն տեսականորեն, փորձագետների մակարդակում: Այժմ այդ հարցը ավելի բարձր շրջանակների մակարդակում բարձրացնելը նշանակում է բարդացնել իրավիճակը նախ Հայաստանի համար»,-պարզաբանեց Տարասովը:

Նրա խոսքով՝ հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղով անցել է Անկարայից Կալուգա առաջին գնացքը, որը չկար մինչ ղարաբաղյան պատերազմը: Այսինքն՝ Հայաստանը շրջանցելով: Հաղորդակցությունների ապաարգելափակման դեպքում Հայաստանը կսկսի միանալ տնտեսական նախագծին: Դա կմեծացնի Ադրբեջանի միջով Ռուսաստանից Թուրքիա բեռնահոսքը: Վրաստանը ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունն ու հետ կանգնել ռուսաֆոբ դիրքորոշումից, իսկ Հայաստանը՝ քաղաքագետի պնդմամբ, այդ ամենի ֆոնին ԼՂ հարցով փոխզիջումային մոտեցումներ կսկսի փնտրել:

«Ղարաբաղի կարգավիճակը ցավոտ հարց է: Բացասական ֆոնը դեռ պահպանվում է, կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում հետ մնալ տեղեկատվական պատերազմի հնարքներից, ինչը կարող է անդրադառնալ հաղորդակցությունների ապաարգելափակման մասին նրանց երկխոսության վրա: Հայկական շահերի տեսանկյունից կարգավիճակի հարցը պետք է հետաձգել: Եթե Հայաստանում ռևանշիստական ուժեր գան, ապա դա երկիրն աղետի կտանի, պետք է փոխզիջումային որոշում փնտրել»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Անկարայի դերին, ապա նա այդ ամենի հետ, փորձագետի խոսքով, կապ չունի, և նրան դեմոնիզացնել պետք չէ, քանի որ Թուրքիան բանակցությունների կողմ չէ, իսկ մոնիթորինգային կողմը գտնվում է Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Աղդամում:

«Ո՞ւմ են նրանք հետևելու: Գյումրիում գտնվում է ռուսական ռազմաբազան, Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահները: Ո՞վ է պատրաստ խախտել հրադադարը: Ադրբեջա՞նը: Քիչ հավանական է: Հայաստա՞նը: Պատրաստ չէ: Խաղաղապահնե՞րը: Ո՛չ: Ղարաբաղի բանա՞կը: Ո՛չ»,-եզրափակեց Տարասովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը` կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը և հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռային և հրետանային զենք և ավիացիա, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ նշանառության տակ վերցնելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում Բաքվին անցան Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջաններն ու Ղարաբաղի ևս 2 շրջան՝ Հադրութն ու Շուշին: Համաձայն հայտարարության՝ ԼՂ տարածքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, հաղորդակցությունների ապաարգելափակման հարցով աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ բանակցություններ սկսվեցին, սակայն հայ ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս մնում է չլուծված:

News.am