ՀՀ ՄԻՊ-ը ուսումնասիրում է Սյունիքում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի գրասենյակն ուսումնասիրում է Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը Սյունիքի մարզում լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման համար ազգային անվտանգության մարմինների գրավոր թույլտվության վերաբերյալ: Այս մասին News.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հայտարարությունը Սյունիքի մարզում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ՝ ՀՀ ազգային անվտանգության մարմինների գրավոր համաձայնության վերաբերյալ, այս պահին ուսումնասիրվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, այդ մարզերի բնակիչներից ստացված բողոքների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը վկայում են, որ Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է մեխանիկական մոտեցումներով, ինչի արդյունքում վտանգվել կամ խախտվել են սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի, սեփականության և այլն), որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սահմանների որոշման գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են մարզեր կատարած այցերի արդյունքները և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին»,- նշվում է հարցման պատասխանում: