Էդգար Ղազարյան․ Արցախն այլևս հայկական չէ

Պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը, որովհետև եթե նոյեմբերի 9-ին պատերազմը չկանգներ, ապա ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ին Արայիկ Հարությունյանը ուղղաթիռով տեղափոխվելու էր Բաքու, որտեղ նստացնելու էին տեսախցիկների առջև, որ նա այնտեղից ուղերձով դիմի Արցախի ժողովրդին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Ակնհայտ էր, որ Ադրբեջանը տոտալ վերահսկողություն էր հաստատելու Արցախի տարածքի նկատմամբ: Այդ դեպքում ռուսական խաղաղապահներ չէին լինելու Արցախում: Իսկ ռուսական խաղաղապահներ բոլոր դեպքերում պետք է լինեին Արցախում, դա Ռուսաստանի շատ շուտվա ցանկությունն էր: Դա կլիներ այն դեպքում, եթե նոյեմբերի 9-ին պատերազմը կանգներ և այդ օրը պատերազմը կանգնեցվել է ՌԴ-ի կողմից:

Դա է պատճառը, որ մենք Արցախի նկատմամբ այլևս վերահսկողություն չունենք, Արցախն այլևս հայկական չէ: Արցախի գերակշիռ մասը մեր իշխանությունները հանձնել են ադրբեջանցիներին, մի փոքր տարածք ռուսները կարողացել են փրկել իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար»,-ասաց նա, տեղեկացնում է News.am: