«Ժողովուրդ»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ԱՅՈ» ՍՏԱՆԱԼԸ
Մինչև ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել: ՀՀ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Ըստ թերթի տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը:
«Իշխանությունները նպատակ ունեն մինչև խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել և ունենալ իրենց «սրտի» Ընտրական օրենսգիրքը, ինչի համար էլ շտապողականություն են դրսևորել այս հարցում: Իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձևակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին»,–գրում է թերթը:
Բայց գործող իշխանությունների համար այնքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ ու պետք է Սահմանադրական փոփոխություններ ևս իրականացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն սահմանադրական փոփոխություններն իրականացնել արդեն խորհրդարանական ընդդիմության միջոցով:
Բանակցություններ կվարեն, ու եթե իշխանություններին հաջողվի մինչև ամառ ԸՕ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «ok»-ը ստանալուց հետո, ապա կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության ու տարբերակների մասին: