ԿՈՌՈՒՊՑԻԱ՝ ԹԱՎՇԵ ԱՉՔԵՐՈՎ
«Մեզ մոտ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր են ծագել»։ Այսպես քաղաքավարի է արտահայտվում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Իսկ անվստահության տարրեր, պարզաբանում է Անանյանցը, ծագել են, քանի որ ռազմական գործողությունների ընթացքում Արցախին աջակցելու նպատակով դրամահավաքի առաջին հանգանակությունը կազմել է ավելի քան 100 մլն ռուբլի, բայց իրենց առ այսօր հայտնի չէ, թե «դրանք ինչ են եղել»: Անանյանի խոսքերով, պատերազմի ժամանակ իրենք Հայաստան են ուղարկել նաև սաղավարտներ, զրահաբաճկոններ, քնապարկեր և այլն, բայց, ըստ ՌՀՄ-ի ունեցած տեղեկությունների, այդ ամենն այդպես էլ մնացել է «Զվարթնոց» օդանավակայանում: «Մենք չենք պատրաստվում գումարներ ուղարկել, որպեսզի հետո դրանք հայտնվեն նախարարների հաշիվների վրա: Ամեն ինչ գողացվում է: Մեզ դա զզվեցրել է»,- արդեն միանգամայն անքաղաքավարի հայտարարում է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։
Այն հարցի վրա, թե ինչու են ՌՀՄ-ի ուղարկած զրահաբաճկոնները մնացել «Զվարթնոց» օդանավակայանում, գուցե որոշ չափով լույս է սփռում Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա խոսում է նաև այն մասին, թե ինչպես են ներկայիս իշխանությունները, «աշխարհի ամենաազնիվ իշխանություններն» ու «ժողովրդավարության բաստիոնը», փող սարքել պատերազմի հաշվին։ Քանզի դժվար է այլ կերպ գնահատել այն փաստը, որ մինչ ՌՀՄ-ի ուղարկած զրահաբաճկոնները հանգստանում էին «Զվարթնոցում», իշխանությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ էր գնում՝ հատը 600 դոլարով…
Ուշագրավն այն է, որ երբ լրագրողները հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների վերաբերյալ հարցեր ուղղեցին վարչապետի մամուլի քարտուղարին, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ Փաշինյանը չի մեկնաբանի երրորդ նախագահի հայտարարությունները։ Ասենք, ինչպես որ նախկինում ոչ մի կերպ չի մեկնաբանել Միքայել Մինասյանի հայտարարությունները ծխախոտի և զենքի հետ կապված կոռուպցիոն գործարքների մասին։ Գործարքներ, որոնք, Մինասյանի հավաստմամբ, իրականացվել են Փաշինյանի ու իր մերձավոր շրջապատի հովանավորչությամբ։ Եվ իրոք, ինչո՞ւ ինչ-որ բան մեկնաբանել, չէ՞ որ լռությունը համաձայնության նշան է։
Հավելենք, որ ԱԱԾ-ն արդեն հետաքննում է Նիկոլ Փաշինյանի ու Դավիթ Տոնոյանի մեծ բարեկամ Պատրոն Դավոյի կողմից ՊՆ-ին մատակարարված ոչ կիրառելի սպառազինության գործը. զինավաճառի, որի վրա է ուղղված ոչ միայն Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Դե, և իհարկե, տորթի վրայի բալեհատիկը ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարների հայտարարություններն են, որոնք չեն բացառում, որ Փաշինյանին կոնկրետ գումարներ են խոստացվել Արցախը հանձնելու համար, և միայն հանգամանալի հետաքննությունը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները:
Իսկ քանի դեռ այդ հետաքննությունը չկա, մարդիկ իրավունք ունեն հիմնավորված հարցեր տալու։ Ինչո՞ւ էր պատերազմի ժամանակ խրախուսվում այն ուղղությունների հրամանատարությունը, որտեղ մենք պարտություն էինք կրում։ Ինչո՞ւ Փաշինյանը զորքերը դուրս բերեց Սյունիքի սահմանամերձ շրջաններից, թեև այդ մասին ոչինչ չէր ասվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ռազմական գործողությունները դադարեցված էին, իսկ ռուսական զորքերն արդեն մտել էին տարածաշրջան։ Ինչո՞ւ է հակառակորդի վերահսկողությանը հանձնվել Գորիս-Կապան ճանապարհը։
Միավորված ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս օրերին հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ։ Ամենից հաճախ տրվող հարցերից մեկը՝ «ինչպե՞ս ենք վարվելու Նիկոլ Փաշինյանի հետ»։ Վազգեն Մանուկյանը խոստանում է, որ Նիկոլը պատասխան է տալու ամեն ինչի համար. «Բայց լինելու է երկու դատ, առաջին դատում պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարում էր, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար»։