Տնտեսագետ․ Տնտեսությունը ճգնաժամային ծանր վիճակում է

Տնտեսությանը պետք է հարգել ու ավելի լուրջ վերաբերվել, որովհետև մենք այն վիճակում չենք, որ նման հայտարարություններով տնտեսական զարգացում ապահովենք։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։

«Կարելի է ամեն ամիս տասը տոկոս տնտեսական աճ, մի քանի տարի երկնիշ թվով տնտեսական աճի մասին գրել ու խոսել, բայց կա իրականություն, որում նաև Դուք եք ապրում և ինքներդ կզգաք տնտեսական վիճակը լավանո՞ւմ է, թե՞ ոչ։ Բնական է, ակտիվության առումով ինչ-որ բան հնարավոր է տեղի ունենա, որովհետև հսկայական գումարներ են պարտքով ներգրավել, դա կդնեն բյուջեի շրջանառության մեջ, բյուջեի կատարողականը կապահովվի, բայց հասկանո՞ւմ եք մենք տնտեսության մասին ենք խոսում, հիմա մենք սկսել ենք նորից նույն բանը կրկնել, նույն տրամաբանությամբ, դա չի աշխատելու, տնտեսությանը պետք են արմատական փոփոխություններ»,- նշեց Կարեն Ադոնցը։

Տնտեսագետը զգուշացրեց, որ եթե Կառավարությունը շարունակի նման քաղաքականություն վարել, ապա այն մեզ լավ տեղ չի տանի։

«Այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե ինչով է զբաղված օրինակ, Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է ռազմավարության, ծրագրերի համար։ Այսօր որևէ մեկին հայտնի չէ, թե մենք ո՞ւր և ո՞նց ենք շարժվում։ Խոսում են հարսանիքների, կնունքների մասին, պետք է լրջանալ արդեն, սա երկի՞ր է, թե՞․․․ Դուք գիտեք՝ ո՞ւր ենք մենք հասել ու ի՞նչ բեռ է դրված մեր ուսերին, առանց տնտեսության որևէ հարց չի լուծվելու, բայց նման խոսակցություններով տնտեսությունը չի զարգանում, առավել ևս հիմա՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում ու այն խնդիրների, որոնք մեր առաջ ծառացել են»,- ընդգծեց նա։

Կառավարության նիստին, վարչապետը նաև հայտարարեց, որ փետրվարի առաջին 15 օրում էականորեն աճել են արտահանման և ներմուծման ծավալները, և հետություն արեց, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ինչը շատ կարևոր նորություն է։

«Ես չգիտեմ՝ ի՞նչ է ներմուծվում, ինչի՞ մասին ենք խոսում, այսինքն՝ մարդկանց վճարունակությունը էապես բարձրացե՞լ է, ի՞նչ է պատահել մեզ հետ, որ ներմուծում ենք այդ աստիճանի կամ ի՞նչ ենք արտահանում, ինձ հետաքրքիր է կոնկրետ ասել՝ ի՞նչ։ Հնարավոր է, որ պղինձը մի քիչ շատ ենք արտահանել, դա միակ բանն է, որը հնարավոր էր անել, բայց ի՞նչ է նշանակում ներմուծումն ու արտահանումը աճել է, ինչի՞ հաշվին է դա տեղի ունեցել»,- նկատեց նա։

Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետը, երբ նման հայտարարություններ է անում, տնտեսագետը նկատեց, որ Փաշինյանը հասարակությանը հանգստացնում է, որ ամեն ինչ լավ է և անհանգստանալու պատճառ չկա։

«Ուզում է հանգստացնել, ոգևորել, որ ամեն ինչ նորմալ է, անհանսգտանալու պատճառ չկա, կյանքը շարունակվում է, հարսանիքները, կնունքները ավելացել են, հանգիստ եղեք, մեր մոտ աճը կա, մեզ վստահեցին ու 750 մլն դոլար պարտք տվեցին, դա բյուջեի մեջ կմտցնենք, ոնց պլնավորել էինք նույն ձևով կարվի ամեն ինչ, մի քիչ էստեղ կօգնենք, մի քիչ էնտեղ։ Այ, էսա մի քանի տարի կանցնի ու հետադարձ հայացք կգցենք ու կհասկանանք՝ ինչ է փոխվել մեր կյանքում։ Մենք ո՞ւմ ի՞նչ ենք ուզում ապացուցել, վարչապետն ուզո՞ւմ է հանգստացնել ժողովրդին, ես հանգիստ եմ, եթե հանգստացնելով է, ինձ համար ամեն ինչ պարզ է, նոր բան չկա ու ես վստահ եմ, որ տնտեսությունը նման ձևով չի զարգանում, որևէ ոլորտ նման թռիչքային թվերով չի զարգանում, այս պահին տնտեսությունը ճգնաժամային ծանր վիճակում է, բնական պրոցես է, ոչ մի բան տեղի չի ունեցել, մարկդանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Անցյալ տարի այս ամիսներին որոշակի ակտիվություն է եղել, տուրիստներ կային, ոլորտները ակտիվ աշխատում էին, բայց հիմա էդ ամեն ինչը չկա, բայց մեր մոտ տեղի է ունեցել տնտեսական բում, ո՞նց կարող է նման բան լինի»,- եզրափակեց Կարեն Ադոնցը։