Հայաստանն ու Ադրբեջանը ՄԻԵԴ-ում միմյանց նկատմամբ դրամական պահանջ առայժմ չեն ներկայացրել

Նման գործերի քննությունը, որպես կանոն, ՄԻԵԴ-ում շուրջ 5-6 տարի է տևում, բայց Կիրակոսյանը հույս ունի, որ հարցի հրատապությունը հաշվի առնելով, ՄԻԵԴ-ը որոշ չափով կկրճատի այդ ժամկետը:

Հետաքրքական է, որ չնայած ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, ո՛չ Ադրբեջանը, և ո՛չ էլ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միմյանց նկատմամբ դրամական պահանջ առայժմ չեն ներկայացրել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Դա, կարծում եմ, բնական է, որովհետև այս փուլում հազիվ թե կողմերից մեկը կարողանար հասցնել դա անել: Սա դատավարական այն փուլը չէ նաև, որտեղ դրա մասին արժե խոսել: Դրա համար առանձին ընթացակարգ կլինի, հնարավորություն կլինի և պարզ է, որ մենք կներկայացնենք»,- ասաց նա։

Ներկա պահին Հայաստանի կողմից ՄԻԵԴ են ներկայացվել տասնյակ հազարավոր հայերի սեփականության խախտման դեպքերի մասին փաստեր, ինչպես նաև իրավաբանական անձանց գույքին վերաբերող փաստեր:

«Խոսքը ոչ միայն անշարժ, այլև շարժական գույքի, նաև՝ արվեստի գործերի մասին է: Դրանք մենք նաև հետագայում կավելացնենք գանգատին՝ առանձին խմբերով ու առանձին գործերով»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ գանգատի համալրման գործընթացն այսօր էլ շարունակվում է:

«Այս պահին էլ մեր գրասենյակի թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, մենք դեռևս շարունակում ենք ապացույցների ամբողջականացման պրոցեսը, որովհետև ներկայացրել ենք մեծաքանակ ապացույցներ՝ գանգատի հետ, բայց դեռևս շարունակում ենք լրացնել այդ ապացույցները»,- ասաց Կիրակոսյանը:

Նշենք, որ Հայաստանի կողմից ամբողջական միջպետական գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է 2021թ-ի փետրվարի 4-ին: Ադրբեջանը միջպետական գանգատ էր ներկայացրել հունվարի 15-ին: ՄԻԵԴ-ը պաշտոնապես հաստատել է երկու երկրներից ստացված հայցերը: Հայաստանյան հայցը վերաբերում է պատերազմի հետևանքներին, պատերազմական հանցագործություններին, ինչպես նաև պատերազմին հաջորդած ժամանակահատվածում կատարված հանցանքներին:

Ինչ վերաբերում է գերիներին, Կիրակոսյանը հայտնեց, որ ներկա պահին ՄԻԵԴ-ի հարցումներից հայ գերիներին է առնչվում 228-ը: Այս թիվը, Եղիշե Կիրակոսյանի համոզմամբ, դեռ աճման միտում ունի:

«Ավելացման տեմպը միգուցե այդքան բարձր չլինի, ինչպես նախկինում էր, բայց չեմ բացառում, որ էլի կլինեն դեպքեր, կամ տեսագրություններ, որտեղ ի հայտ կգան նոր անձինք: Ինչ-որ մի փուլում, երբ տեսագրությունների ու նմանատիպ ձայնագրությունների առատություն կար, հատկապես պատերազմի ընթացքում ու հաջորդող ժամանակահատվածում, կարծեմ դա հատուկ նպատակով էր արվում ադրբեջանական կողմից՝ վախի մթնոլորտ, սարսափ տարածելու նպատակով»,- ասաց Կիրակոսյանը:

Միաժամանակ, գերիների հարցով ՄԻԵԴ են դիմում նաև անհատ փաստաբանները, որոնք առավել մանրամասն ներկայացնում են գերիների նկատմամբ խախտումների փաստերը: Այս գործերը, Կիրակոսյանի դիտարկմամբ, ի վերջո լրացնելու են Հայաստանի կողմից ներկայացված գանգատը, հետևաբար, պետական գրասենյակը սերտորեն համագործակցում է ՄԻԵԴ դիմող բոլոր փաստաբանների հետ:

Սովորաբար նման գործերի քննությունը, որպես կանոն, ՄԻԵԴ-ում շուրջ 5-6 տարի է տևում, բայց Կիրակոսյանը հույս ունի, որ հարցի հրատապությունը հաշվի առնելով, ՄԻԵԴ-ը որոշ չափով կկրճատի այդ ժամկետը:

Օրինակ՝ ՌԴ- Վրաստան 2008թ-ի պատերազմի մասին գործի քննությունն, ըստ Կիրակոսյանի, ավարտվել է միայն ս.թ. հունվար ամսին՝ 13 տարի անց: